Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ի արժեհամակարգի հիմքում ազգն է, ազգի հիմքում` անհատը
Posted on April 15, 2012, by admin, under Ելույթներ, Լուրեր.
«Երկիր».- Քսան տարի է անցել մեր անկախությունից: Այս քսան տարիների ընթացքում տեսել ենք երկրաշարժ, շրջափակում, տեսել ենք պատերազմ, տնտեսական ճգնաժամ: Առաջին հայացքից թվում է, թե սրանք բավարար պատճառ են, որ Հայաստանում լավ չապրենք, բայց այդպես չէ. Աշտարակում տեղի ունեցած ՀՅԴ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա նշեց, որ զինադադարից անցել է 16 տարի, բայց մեր կյանքում փոփոխություն չկա: «Մեր շուրջը համատարած աղքատություն, համատարած անգործություն կա: Մարդիկ աշխատանքի պատճառով թողնում են իրենց հայրենիքն ու հեռանում: Մեր շուրջը երիտասարդությունը, որ նոր ասպարեզ է մտնում, շվարած է` կյանքի մեջ չի կարողանում իր տեղը գտնել, ոտքի կանգնել: Որովհետեւ բնակարանի հարց ունի, որ չի կարող ինքնուրույն լուծել, որովհետեւ աշխատանքի խնդիր ունի եւ աշխատանք չի գտնում: Եվ այս դրության մեջ, զարմանալի է, ի՞նչ են անում հայոց պետականության գահին բազմած իշխանությունները, որոնց պարտականությունն է հոգ տանել, որ երիտասարդությունն աշխատանք ունենա, որ աղքատությունը վերանա մեր երկրից, որ անգործությունը վերանա, եւ ժողովուրդը ոտքի կանգնի»,- հարց բարձրացրեց Հրանտ Մարգարյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց նաեւ, որ իշխանությունները չեն մտածել, չեն մտահոգվել, որ համատարած աղքատություն, գործազրկություն կա երկրում: «Չարչիությունն են զարգացրել մեր երկրում` ապրանք պետք է ծախեն, ժողովրդի փողը վերցնեն ու տանեն դուրս: Սա է նրանց պատկերացումը: Որովհետեւ նրանց թիրախը, նրանց նպատակն եղել է հարուստ դասակարգի կազմավորումը` գերհարուստ դասակարգի: Ամեն ինչ արել են, սպասարկել են, օգնական են եղել, որ այդ իրենց շրջանակի հարուստ, դրամատեր շերտը ձեւավորվի: Արդյունքում` մեր երկրի հարստության մեծամասնությունը, ես կասեի` առավելագույն չափը կենտրոնացել է մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում: Իսկ ժողովուրդը ապրում է համատարած աղքատության պայմաններում»,- նշեց Հրանտ Մարգարյանը:
Նա ասաց, որ իշխանությունների արժեհամակարգը ազատ շուկան է, եւ նրանք ասել են` ազատ շուկան ամեն ինչ կկարգավորի` հերն էլ անիծած, թե ժողովուրդը համատարած աղքատության մեջ է, հերն էլ անիծած, թե ժողովորդը համատարած անգործության մեջ է եւ թողնում ու հեռանում է:
Իսկ ՀՅԴ-ն, ինչպես նշեց Հրանտ Մարգարյանը, այդպես չի մտածում, այլ ասում է` իշխանությունները նրա համար են, որ աղքատին վեր բարձրացնեն, որ անգործին գործ տրամադրեն, անտունին բնակարան տրամադրեն: Կա ընդհանուր մոտեցման տարբերություն, եւ այդ մոտեցման տարբերությունը հրապարակ եկող բոլոր քաղաքական ուժերի եւ Դաշնակցության միջեւ է: «Եթե Դաշնակցությանը չեք քվեարկելու, ապա ում էլ քվեարկեք` նույնն է արդյունքը: Որովհետեւ նրանք նույն արժեքային համակարգն ունեն` բոլորն էլ ազատ շուկայի վրա են դրել իրենց հույսը»,- պարզաբանեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Նա ասաց, որ ՀՅԴ-ի արժեհամակարգի հիմքում ազգն է, իսկ ազգի հիմքում` անհատը` իր բոլոր իրավունքններով:
«Մենք համայն հայության առջեւ պատասխանատու կուսակցություն ենք: Մենք պատասխանատու ենք Ղարաբաղի, Ջավախքի, Բեյրութի, Լոս Անջելեսի եւ համայն աշխարհի հայության առջեւ»,- խոսքը եզրափակելով հայտարարեց Հրանտ Մարգարյանը: