RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ին կարելի է հավատալ երեք պատճառով

Posted on April 14, 2012, by , under Արձագանք, Ելույթներ, Լուրեր.


«Առավոտ».- ՀՅԴ-ն Վայոց Ձորի մարզում էր։ Նախընտրական հանդիպումը տեղի ունեցավ Եղեգնաձորում։
Քաղաքի 18000 տեղանոց ամֆիթատրոնը հանդիպումից դեռ շատ առաջ արդեն մարդաշատ էր այնքան, որ շատերը նույնիսկ կանգնած մնացին մինչեւ միջոցառման ավարտը։

Հանդիպումը բացեց ՀՅԴ Վայոց Ձորի նախընտրական շտաբի ղեկավար, այս ընտրատարածքում նախկինում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտնած Սամվել Բաբայանը։

Նա նախ ողջունեց հավաքվածներին ու ասաց, թե ՀՅԴ- ն եղեգնաձորցիներին խոսք ունի ասելու եւ մտահոգություն հնչեցնելու, «որովհետեւ մեր երկիրը, մեր ժողովուրդը հիմա գնտվում է այնպիսի վիճակում, որից դուրս գալու ելքը ձեր եւ մեր ձեռքում է։ Առաջիկայում համապետական ընտրություններ են, պետք է ճիշտ կողմնորոշվել, պետք է անել այն, ինչը կփոխի մեր կյանքը, եւ մենք դրա մասին ենք ուզում խոսել ձեզ հետ»:

Այս կարճ ելույթից հետո նա խոսքը փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Վերջինս ասաց, թե Հայաստանի Հանրապետության 20- ամյա պատմության այս փուլում էլ մեր շուրջը համատարած աղքատություն է, մեր ներքին կյանքը հեռու է համերաշխ լինելուց, եւ իրավիճակը շտկելու` կյանքը բարելավելու, հույսի նշույլը չի երեւում։ Մարգարյանն ասաց, թե վերջին քսան տարիների ընթացքում պետությունը մի բան է արել՝ կարողացել է երկրում ձեւավորվել գերհարուստների դասակարգ, օլիգարխների դասակարգ:

«Այն իշխանությունը, որը մենք ունեցել ենք հարուստների իշխանություն է, հարուստների խավն է ձեւավորել այս իշխանությունը, դրա համար էլ չի մտածում, որ պետք է հոգ տանի ժողովրդի մասին։ Մենք դեն չենք հարուստներին, մենք դեմ ենք, երբ այս հարստությունը ստեղծվում է ժողովրդի թշվառության եւ աղքատության գնով։ Մենք դեմ ենք այս գերբեւեռացված վիճակին»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, թե այսօր մի կողմում ապրելու հնարավորություն չունեցող մեծամասնությունն է, մյուս կողմում` հսկայական հարստություն դիզած մեծամասնությունը, ու հայտարարեց, թե այս վիճակն այլեւս չի կարելի հանդուրժել։

Անդրադառնալով հասարակության շրջանում առկա այն մտայնությանը, թե միեւնույնն է՝ ընտրություններով ոչինչ հնարավոր չէ փոխել, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ասաց՝ «հավատացեք՝ այդպես չէ» ու մանրամասնեց, որ ամեն մի ուժ ունի արժեքային իր համակարգը եւ ձեւավորում է դրան հատուկ տնտեսական համակարգ, ու այսօրվա իշխանությունը ձեւավորել է արժեքային այն համակարգը, որի կրողն է: Դաշնակցությունը, նրա ասելով, հստակորեն տարբերվում է մյուս բոլոր կուսակցություններից իր արժեքային համակարգով եւ ունի հստակ գաղափարախոսություն՝ սոցիալիստական ուղղության դավանողն է, եւ այս «սոցիալիզմը բխում է մեր ազգային էությունից»:

Նա նաեւ ասաց, թե ՀՅԴ-ին կարելի է հավատալ երեք պատճառով. «ՀՅԴ-ն արժեքային համակարգ ունի, որի համար դաշնակցականները զինվորագրվում են. «Մենք դաշնակցական չենք դարձել, որպեսզի պատգամավոր դառնանաք, որ նախարար դառնանանք: Մենք դաշնակցական ենք դարձել եւ երդվել ենք, որ Հայրենիքին եւ այս ժողովրդին պիտի ծառայենք, եւ գիտակցում ենք, որ պատգամավորի, նախարարի, նախագահի աթոռը միջոց է ազգի հզորացման եւ պետականության կայացման համար, եւ եթե պետք է մենք չենք խուսափի այդ միջոցն էլ ունենալ:

Երկրորդ կարեւոր պատճառը. մենք համահայկական կազմակերպություն ենք, իրականության մեջ միակ աշխատող, կենսունակ կազմակերպությունն ենք»: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հավելեց, թե ՀՅԴ-ն համահայկական կառույց է, որ ներկա է աշխարհի տարբեր ծայրերում, որ «ինչ-որ թաղամասի, շրջանակի կազմակերպություն» չէ, եւ պատասխանատում է բովանդակ հայ ժողովրդի համար եւ ունի հնարավորություն հայոց պետականությունը հզորացնելու համար:

Երրորդ, մենք մեր քարոզարշավը չենք տանում մեր դիմնակարները պատերին խփելով, մենք հստակ ասելիք ունենք, ծրագիր ունենք ու գալիս ենք այդ ծրագիրն իրականացնելու համար»:

Մարգարյանն ասաց, թե ՀՅԴ-ում գոյություն ունի իրական ժողովրդավարություն, եւ ոչ թե ինչ-որ անձի, այլ գաղափարի շուրջ համախմբված կուսակցություն է, եւ մեր կազմակերպական կանոնները վեր է ցանկացած անհատի քմահաճույքից»:

«Այնպես որ խնդիրը քաղաքական ուժի դավանած գաղափարների մեջ է։ ՀՅԴ-ն սոցիալիստական կուսակցութւուն է, եւ դա բխում է մեր ժողովրդի, կուսակցության էությունից։ Մենք հավատացած ենք, որ հայ ժողովուրդը ունի իղձեր, որոնք պիտի իրականացնի, ու կարելի է նոր էջ բացել մեր ժողովրդի համար, եթե գնաք ընտրությունների եւ ընտրեք Դաշնակցությանը»,- եզրափակեց Հրանտ Մարգարյանը։

Leave a Comment