Բաց աչքերով նայենք իրականությանը
Posted on April 24, 2009, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը
«Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովում
Գրեթե մեկ տարի է անցել այսպես ասած` «ֆուտբոլային դիվանագիտության» հաստատումից, եւ այսօր հայտնվել ենք տարօրինակ իրավիճակում: Մեկ տարի առաջ մենք աշխարհով մեկ հայտարարում էինք, որ Հայաստանը կողմնակից է հայ-թուրքական` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Իսկ Թուրքիան ներկայացնում էր նախապայմաններ: Մենք աշխարհին առավելությամբ էինք ներկայանում, ներկայանում էինք որպես բարյացակամ ժողովուրդ, իսկ Թուրքիան համարվում էր կոպիտ եւ անհասկանալի պետություն:
Մեկ տարի անցավ այդ դիվանագիտական հարաբերություններից, եւ մենք այսօր ի՞նչ իրավիճակի առջեւ ենք կանգնած: Թուրքիան արդեն խոսում է, որ Ցեղասպանության հարցը քննության նյութ է դառնալու, եւ կարողացել է Ցեղասպանության ճանաչման հետապնդման գործին մեծ հարված հասցնել, կարողացել է իր երկու նախապայմանները, այսպես ասած, անուղղակի մեկնաբանության կարգով, ընդունելի դարձնել: Այդ մասին ոչ թե հայկական կամ թուրքական աղբյուրներն են ասում, այլ նույնիսկ Օբաման` Թուրքիայում ելույթ ունենալիս:
Եվ քանի որ այս երկու հարցերը ինչ-որ կերպ լուծում են ստացել, հիմա նաեւ Ղարաբաղի հիմնահարցին են անցել: Մեկ տարի առաջ Թուրքիան Ղարաբաղի հարցով տեսակետ հայտնելու բարոյական իրավունքը ընդհանրապես չուներ, կողմ չէր համարվում, իսկ այսօր արդեն իսկ ներկայացվում է կողմ: Արդեն իսկ հասկանալի է դառնում, թե ինչու պետք է Ղարաբաղի հարցը լուծվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար… Ասել է թե` Թուրքիան շահագրգիռ կողմ է դառնում: Այս պահին հայկական կողմը վնասով է դուրս եկել, պարտված է:
Ինչո՞ւ ենք պարտվել: Այս է կարեւոր հարցը, եւ մենք բաց աչքերով պետք է նայենք իրականությանը:
Մեկ տարի առաջ, երբ սկսվեցին դիվանագիտական հարաբերությունները, մենք պետք է հայտարարեինք, որ հայկական կողմը գնում է հարաբերությունների նախաձեռնմանը առանց որեւէ նախապայման ընդունելու:
Առանց նախապայմանի այդ հարաբերությունների գնալը այն երաշխիքն էր, որ մեզ նույնիսկ հույս էր տալիս, որ գուցե կարողանանք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Սակայն հենց այդ սկզբունքի ինչ-որ չափով խախտումն է այդ հարաբերությունների ձախողման պատճառը: Եթե մենք չզիջեինք, թուրքական կողմը աշխարհին միշտ կներկայանար իբրեւ մեղավոր կողմ: Մենք զիջեցինք հիմնական սկզբունքը, իսկ այս սկզբունքն այն է, որ տարիներ շարունակ, առնվազն 1990 թվականից ի վեր, մենք հայտարարում էինք Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերության մասին:
Ինչո՞ւ է խախտվել սկզբունքը: Որովհետեւ ազգային հարցերը մեկ ընդհանրություն են, ազգային հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքը մեկ հիմնական էություն ունի: Այդ էությունը չի կարող հարցից հարց տարբերվել: Իսկ եթե մենք մտածում ենք, որ Ղարաբաղի հարցով կարելի է ոչ մի բան չզիջել, բայց մյուս ազգային հարցերում ինչ-որ բան զիջել, դա հենց այն ծուղակն է, որտեղ մենք ընկնում ենք եւ զիջում ենք ամեն ինչ:
Եվ ես կարծում եմ, որ այս է, որ մենք պետք է հասկանանք. Ղարաբաղի հարցը, Ցեղասպանության հարցը, Արեւմտահայաստանի ազատագրման հարցը, Ջավախքի հարցը, Հայաստանի անկախության հարցը մեկ ամբողջականություն են: Եվ ճիշտ ազգային մոտեցումով է, որ մենք պետք է կարողանանք այդ հարցերին լուծում գտնել: Ոչ մի հարց մյուս հարցի զոհը չենք կարող դարձնել, մեկը մյուսի համար չի կարելի մատաղ անել: Հենց այստեղ է սխալը:
Ի՞նչ պետք է անի Հայաստանն այժմ: Պարզ է եւ հստակ. Թուրքիան խախտել է իր իսկ մեկ տարվա ընթացքում սկսած բանակցությունների սկզբունքը: Վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն Ղարաբաղի հարցը չէր արծարծվում, քննության նյութ չէր, իսկ այսօր քննության նյութ է դարձել: Ինձ թվում է, որ հայկական կողմը պետք է վերադառնա իր սկզբունքայնությանը` առանց որեւէ նախապայմանի հարաբերություն: Եվ մինչեւ հիմա եթե նույնիսկ եղել են որոշ համաձայնություններ ինչ-որ պատմագետների հանձնաժողով ստեղծելու առումով, պատմությանը վերաբերող խնդիրները քննարկելու առումով, եթե եղել են ինչ-որ տրամադրություններ` Թուրքիայի հողային ամբողջականությունը ճանաչելու, սահմանները ճանաչելու, այդ բոլորից պետք է հրաժարվել: Պետք է վերադառնալ սկզբնակետին` առանց նախապայմանների մենք կարող ենք հարաբերություններ հաստատել: Այս մոտեցումը պետք է լսելի դարձնել Հայաստանի իշխանությանը, աշխարհին, որովհետեւ մենք հավատում ենք, որ ազգային հարցերը, Ցեղասպանության խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը հայ ժողովրդի բաց նյարդն են, եւ դրան դիպչողը անակնկալ հակազդեցության կարժանանա: