RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտը հանդիպում է Սերժին

Posted on February 28, 2012, by , under Հարցազրույցներ.

«Հայկական Ժամանակ»– Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շուտով սկսելու է կամավորների հավաքագրում` իշխանություններին արդար ընտրություններ պարտադրելու նպատակով:Հայաստանի քաղաքագետների միությունում հրավիրված քննարկման ժամանակ երեկ այս մասին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Քննարկումից հետո տեղի ունեցավ բրիֆինգ: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

– Պարոն Մարգարյան, ո՞վ է գլխավորելու ՀՅԴ համամասնական ցուցակը:

– Մենք, ցավոք սրտի, ունենք շատ մարդիկ: Ցանկացած մարդ կարող է գլխավորել մեր ցուցակը:

– Դուք կգլխավորե՞ք:

– Չեմ կարծում: Չէ:

– Իսկ ընդհանրապես մասնակցելո՞ւ եք ընտրություններին, առաջադրվելո՞ւ եք համամասնական, մեծամասնական ընտրակարգով:

– Իմ ցանկությունն է, որ չմասնակցեմ: Եվ իրականում ցանկությունս է:

– Իսկ հնարավո՞ր է համոզել:

– Չեմ կարծում:

– Այնուամենայնիվ կբացատրե՞ք` ինչու չեք ուզում մասնակցել ընտրություններին: Որեւէ պատճառ կա՞:

– Ես ի՞նչ իմանամ: Իմ գործն էնքան շատ ա, որ չեմ կարողանա: Էթամ խորհրդարան` ի՞նչ անեմ:

– Հնարավո՞ր է` գլխավորեք ցուցակը եւ չգնաք ԱԺ: Հիմա Սերժ Սարգսյանը որ ցուցակը գլխավորելու է, հո ԱԺ չի՞ գնալու:

– Դա լավ օրից չի, որ Սերժ Սարգսյանը ցուցակ է գլխավորելու: Կուսակցության մեջ պետք է լինեն այնքան մարդիկ, որ կարողանան ցուցակը գլխավորել, եւ ցուցակից որեւէ բան չպակսի: Մեր կուսակցության մեջ էնքան մարդ կա: Մեկ ուրիշն էլ թող էդ գործը անի: Ամեն գործ ե՞ս անեմ:

– Վահան Հովհաննիսյա՞նն է գլխավորելու:

– Մեկը կգլխավորի, էլի:

– Ե՞րբ կհրապարակվի ցուցակը:

– Երբ որ ժամանակացույցը պահանջում է:

– Հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը նորից կոալիցիա կազմի Հանրապետականի հետ, ԲՀԿ-ի հետ:

– Ավելի շատ հավանական եմ համարում, որ մեր առանցքի շուրջ ուրիշները փորձեն ձեւավորել կոալիցիա: Չեմ կարծում, որ այնպես կլինի, որ մենք կոալիցիա կկազմենք: Դրա պատճառը այսօր մենք չունենք: Իսկ պատճառներ` կոալիցիա չկազմելու, շատ ունենք:

– Բայց չե՞ք բացառում, որ կկազմեք:

– Որեւէ բան այս կյանքում բացառված չէ. եթե պատերազմ սկսվի, Աստված մի արասցե, կարծում եմ` բոլորս պիտի համախմբվենք:

– Խաղաղ պայմաններում` նկատի ունեմ:

– Այսօրվա պայմաններից ելնելով` ոչ մի պատճառ չկա:

– Սրանից մոտ 2 տարի առաջ ձեր որդու հարսանիքին մասնակցում էին Սերժ Սարգսյանը, նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները` Վարդան Օսկանյան եւ այլն: Դուք մինչեւ հիմա էլ նրանց հետ ջերմ հարաբերություննե՞ր եք պահպանում:

– Այո, ես վերջապես էդ մարդկանց հետ միասնական կյանք ենք ունեցել: Բացի քաղաքական պայքարը, նաեւ ընկերություն ենք ունեցել: Ես մասնակցել եմ իրենց ընտանիքի ուրախությանը, իրենք էլ մասնակցել են իմին: Ես չեմ կարծում, որ մենք այնքան պետք է գռեհիկացնենք մեր կյանքը, որ քաղաքականությունը այդպես չարությամբ անդրադառնա մեր անձնական կյանքի վրա:

– Տեղեկություններ կան, որ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հետ հիմա էլ շարունակում եք հանդիպումները, շփումները: Նրանց մեջ հակասություն կա՞, ձեր տպավորությամբ:

– Մենք չենք հանդիպում սեր բացատրվելու, հանդիպում ենք վիճելու, վիճաբանելու: Հանդիպում-բանակցությունն այդ տեսակ հանդիպում չէ: Եթե հանդիպում ես` ինչ-որ հարցի շուրջ խոսում ես… Մենք վերջապես այս պետականության արտաքին քաղաքական առումով համագործակցում ենք: Եթե Ղարաբաղի հարց է արծարծվում, եթե Սումգայիթի հարց է արծարծվում, եթե մեր երկիրը տնտեսապես նեղը դնելու խնդիր է ստեղծվում, մեր երկրի համար հնարավորություններ ստեղծելու խնդիր է ստեղծվում, մենք աշխատանք ենք տանում` անկախ նրանից, որ մենք այս իշխանությանը չենք ընդունում:

– Հիմա, երբ հանդիպում եք Սերժ Սարգսյանի հետ, ինչի՞ շուրջ եք վիճում:

– Ընտրությունների վերաբերյալ, արտաքին քաղաքականության վերաբերյալ, Ղարաբաղի հարցի վերաբերյալ, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Միշտ թեմաներ ունենք մենք:

– Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել:

– Ես ի՞նչ իմանամ: Մի շաբաթ առաջ հավանաբար:

– Ընտրությունների շո՞ւրջ էր կռիվը:
– Այո:

– Իսկ նախագահական նստավայրո՞ւմ եք հանդիպում:

– Այո: Բոլորն էլ հանդիպում են, մի մտածեք` միայն ես եմ հանդիպում:

– Բոլորը` ովքե՞ր:

– Ում որ կուզեք` մտածեք դրա մեջ:

– Դուք մի քանիսին նշեք:

– Թող իրենք անկեղծ լինեն, ասեն:

– Իսկ ճի՞շտ է, որ վերջին հանդիպումներում Սերժ Սարգսյանի հետ արդեն պայմանավորվել եք ապագա ԱԺ-ում Դաշնակցության տեղերի հետ կապված:


– Եթե չասեք` այդ տեղեկությունը որտեղից, ես դա անլուրջ կհամարեմ:

– Չասացիք` ձեր տպավորությամբ հակասություններ կա՞ն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ:

– Իրենցից հարցրեք:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ-ի շանսերը առաջիկա ընտրություններում:

– Որ ասեմ` մենք ժողովրդի մեծամասնությունն ունենք` չէ: Բայց ես մի բան կարող եմ ասել` մենք ցանկացած կուսակցությունից ավելի իրական, ավելի լուրջ ժողովրդական հենարան ենք: Սա առնվազն կարող եմ ասել, եւ սրա մեջ չափազանցություն չկա:

– Հավատո՞ւմ եք, որ արդար ընտրություն տեղի կունենա:

– Ես ամեն ճիգ պետք է թափեմ, որ արդար ընտրություն տեղի ունենա: Ես ասացի, որ այդ արդար ընտրությունները մենք պիտի փորձենք պարտադրել: Ճիշտ չի այսօրվանից խոսել անարդար ընտրությունների մասին: Հետո ո՞նց եմ ես իմ հարեւանին համոզում, որ գնա քվեարկիր, կարեւոր է դա: Որովհետեւ նա ասելու է` դու մի տարի ասում ես` անիմաստ է, կկեղծեն, էլ ես ինչո՞ւ էրթամ քվեարկեմ: Ավելի լավ չի՞ 5000-ն առնեմ, էրթամ իմ պարտականությունը կատարեմ, գամ:

– Եթե կեղծվեն այս ընտրությունները, Դաշնակցությունը դուրս կգա՞ փողոց:

– Գիտե՞ս, Հովհաննես Թումանյանը Կիկոսի պատմությունը իզուր չի հորինել: Արի Կիկոսի վիճակի մեջ չընկնենք:

– Պարոն Մարգարյան, բայց ՀՀԿ-ն արդեն խախտում է օրենքը: Հեռուստատեսությամբ ցույց են տալիս վարչապետի այցերը մարզեր…


– Ես, իհարկե, կարծում եմ, որ դա ճիշտ չի, դա սխալ է, բայց վարչապետը, չեմ կարծում, որ քարոզչություն է անում: Նա հակաքարոզչություն է անում:

Սյուզաննա Պողոսյան

 

Փետրվար 28, 2012

 

  • տպելու համար
  • Facebook
  • Post to Twitter
  • ուղարկել ընկերոջը

Leave a Comment