RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ-ն կրկի՞ն կհամագործակցի Սերժ Սարգսյանի հետ

Posted on January 24, 2012, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ ՀՅԴ-ն կարող է նորից համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:

Առաջիկայում խորհրդարանական ընդդիմության` ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջոցով խորհրդարան կներկայացվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ընդդիմադիր ուժերի առաջարկը, որին արդեն դեմ է արտահայտվել իշխող Հանրապետական կուսակցությունը, եւ որին կողմ են քաղաքական գրեթե մյուս բոլոր ուժերը:

– Պարոն Մարգարյան, չե՞ք կարծում, որ 100 տոկոսանոց համամասնականի անցումը չի կանխի ընտրակեղծիքները, քանի որ կուսակցությունների կողմից կարող են ընտրակեղծիքներ լինել: Վերջապես նույն փողատերերն ու օլիգարխները կարող են կուսակցական ցուցակ մտնել եւ ընտրակեղծիքներ անել կուսակցությունների համար:

– Սա ընտրակեղծիքների դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկն է, բայց ոչ միակը: Սրանով հարցը չի լուծվում, բնական է: Դրա համար շատ ուրիշ պայմաններ են պետք: Շատ ավելի այլ պայմաններ են պետք, որ ընտրություններն իսկապես չկեղծվեն, բայց մեծամասնական համակարգն իսկապես կեղծիքի հնարավորություն է ստեղծում: Առաջին ամենամեծ կեղծիքը, եթե նույնիսկ ընտրատեղամասում կեղծիք չլինի, դա այն է, երբ քաղաքական ուժը ներկայանում է խորհրդարանում ոչ իր իրական ժողովրդականությանը համապատասխան ներկայությամբ: Հասարակության մեջ այլ ժողովրդականություն ունի, բայց խորհրդարանում ներկայանում է իբրեւ այլ ուժ: Եվ սա հիմնական պրոբլեմն է, որ երկրում ստեղծում է քաղաքական բարդություն: Կարեւոր է, որ քաղաքական ուժն իր իրական ուժին համապատասխան ներկայություն ունենա խորհրդարանում, ոչ տարբեր:

 – Կարծում եք, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով այդ հարցը կլուծվի՞, եթե, օրինակ, նույն օլիգարխներն ու մեծահարուստներն այս կամ այն կուսակցության ցուցակով մտնեն խորհրդարան:

– Բնականաբար, որովհետեւ, ցավոք սրտի, մեծամասնականի պարագայում Հայաստանում դեռ չի ձեւավորվել այն մշակույթը, որ քաղաքական մարդը կարողանա ընտրվել: Մեծամասնականով ընտրվում են այլ հարաբերությունների ընթացքում, եւ ճիշտ այդ պատճառով կուսակցությունների համար իրենց ժողովրդականությանը, ուժին  ոչ համապատասխան ներկայություն է ապահովվում:

– Բայց համամասնականը կլուծի՞ այդ խնդիրը:

– Այո, կլուծի, որովհետեւ դա առաջին հերթին կնվազեցնի տարբերությունը, որ կուսակցություններն ունեն իրենց իրական ժողովրդականության եւ խորհրդարանում ներկայացվածության միջեւ:

– Եթե համամասնականի այս առաջարկն ընդունվի, Դաշնակցությունը քանի՞ տեղ կունենա խորհրդարանում:    

– Ավելորդ հարցեր եք տալիս:

– Ինչո՞ւ:

– Ընտրության օրը կորոշվի, կհաշվենք:

– Ասվում է, որ համամասնականին կողմ են հիմնականում այն կուսակցությունները` Դաշնակցությունը, «Ժառանգությունը», որոնք մեծամասնականով ընտրվելու ռեսուրս չունեն:

– Դե հիմա ամեն մարդ ամեն ինչ էլ կարող է ասել, ազատ է, բայց որեւէ քաղաքական ուժի իրական ժողովրդականության չափը ճշտելու համար պետք է գտնել գաղափարական հենարանի չափը, թե տվյալ քաղաքական ուժի գաղափարները ժողովրդի քանի տոկոսն է կիսում, բաժանում: Ժողովրդի քանի տոկոսն է գիտակցաբար ընդունում այդ քաղաքական ուժի ծրագիրը, ճանաչում այդ քաղաքական ուժին: Չափման միավորը դա պետք է լինի, ոչ թե այն, թե տվյալ կուսակցություններն ունե՞ն մարդիկ, որ մեծամասնականով դնեն եւ հաջողեն:

– Եթե հարյուր տոկոսանոց համամասնականի անցնելու առաջարկը չանցնի, ՀՅԴ-ն մեծամասնականով առաջադրելո՞ւ է թեկնածուներ:

– Կարծում եմ` հավանաբար կլինեն, բայց մրցակցության հնարավորությունները նույնը չեն, որովհետեւ մրցակցության պայմանները նույնը չեն: Այլ կլիներ, եթե Ընտրական օրենսգիրքը տառացիորեն գործադրվեր` ոչ ոք ընտրակաշառք չկարողանար բաժանել, լինեին համահավասար պայմաններ, բնականաբար կարծում եմ, որ քաղաքական ուժերն ավելի մեծ հնարավորություն կունենային մրցելու:

– Նաեւ այսօր ոմանք կարծում են, որ հնարավոր է Դաշնակցությունն անգամ չկարողանա մտնել խորհրդարան: Նման սցենարի պատրա՞ստ եք:

– Գուցե որոշներն իրենց ցանկության մասին են խոսում եւ ոչ թե իրականության:

– 2008-ի ընտրություններից հետո Դաշնակցությունը կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի հետ: Այսօր նաեւ շեշտվում է, որ եթե քաղաքական ուժերը ձայներ են հավաքում, ապա պիտի իրենց ստացած ձայները չտան այլ քաղաքական ուժի, քաղաքական առեւտուր չլինի:

– Մենք կոալիցիայի մեջ էինք, հետո նորից հայտնվեցինք կոալիցիայի մեջ: Ուրեմն չփոխվեց մեր կեցվածքը:

– Դրանով սատարեցիք Սերժ Սարգսյանին:

– Դա սատարել չի, դա համագործակցել է: Այդ համագործակցությունը վերջ գտավ այն օրը, երբ տեսանք, որ այդ համագործակցությունից օգուտ չկա:

– Հիմա հնարավո՞ր է նորից համագործակցեք:

– Ամեն ինչ քաղաքականության մեջ հնարավոր է: Ով որ ձեզ հակառակն ասի, կնշանակի ձեզ խաբում է:

Leave a Comment