Հրանտ Մարգարյան.Վարդան Օսկանյանը եթե ցանկություն հայտնի առաջադրվել, Դաշնակցությունը կմտածի
Posted on October 22, 2011, by admin, under Արձագանք, Լուրեր.
«ՊԱՆՈՐԱՄԱ».-Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում Դաշնակցության ներքին կյանքի մասին բազում խոսակցություններ են եղել. Հակադրություններ ներսի ու դրսի Դաշնակցության միջև, հակադրություններ այս կամ այն շրջանի միջև և այլն:
«Այդ թեման էլ կվերջանա և կսկսվի մեկ ուրիշը, բայց Դաշնակցությունը կենդանի կառույց է և այդ խոսակցությունները ոչ մի նշանակություն չունեն», -հոկտեմբերի 21-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին հարցին ի պատասխան Մարգարյանը հայտարարել է, թե դեռևս հստակ որոշում չի կայացվել` Դաշնակցությունը կգնա ընտրություններին միայնա՞կ, թե՞ դաշինքով: «Բայց մենք առանձին գնալու ինքնավստահությունն ունենք: Բայց միաժամանակ չունենք մերժողական տրամադրություն մյուսների նկատմամբ: Այսօրվա իրողության մեջ իբրև ինքնուրույն կազմակերպություն գնում ենք ընտրապայքարի», -հավելել է Մարգարյանը:
Իսկ եթե Դաշնակցությանն առաջարկեն դաշինք կազմել կհամաձայնե՞ն, թե կասեն` դուք եկեք, միացեք մեզ հարցին պատասխանելով, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ասել. «Էդ տեսակ երեխայական մակարդակի չենք իջնի` մեզ միացեք, մենք միանան և այլն: Ինչի՞ համար պետք է դաշինք կազմե, ինչը հաջողացնելու համար: Սա է մեզ համար ամենից կարևորը»: Այնուհետ նկատել է, որ ոչ մի մտավախություն էլ չունեն ու վստահ են, որ կհաղթահարեն ընտրական նվազագույն շեմը:
Հրանտ Մարգարյանի համար տարօրինակ է թվացել լրագրողի այն դիտարկումը, թե նախագահական ընտրություններում, ըստ հրապարակված լուրերի, Դաշնակցության թեկնածուն լինելու է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Վարդան Օսկանյանը մեր կադրը չէ: Նրան մենք հարգում ենք և եթե ցանկություն հայտնի, մենք կմտածենք: Բայց գիտեք, ես այդ մասին նոր իմացա», -հավելել է նա: