RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների եւ համայնքների ղեկավարների համահայկական համաժողովին

Posted on September 19, 2011, by , under Ելույթներ, Տեսաերիզներ.

 

 

 

 

 

 

 

 

Ելույթիս առիթը եւ ժամկետը ինձ պարտադրում են լինել, ասեմ, անզգուշության աստիճանի բաց եւ անկեղծ:

Սկսեմ նրանից, որ մի տեսակ հակասականություն եմ տեսնում մեր այսօրվա իրականության մեջ:

Մի կողմից մեր պետությունը կարեւորում է արտերկրի մեր հայրենակիցներին, նրանց կարողություններն ու հնարավորությունները, ցանկանում է նրանց համախմբված տեսնել հայկական պետականության շուրջ եւ զինակից ` արտաքին դժվարություններն հաղթահարելու գործում: Սա տեսանելի է եւ անշուշտ` գնահատելի:

Սակայն մյուս կողմից մեր պետությունը հնարավորություն չի տալիս իրենից հեռու ապրող իր որդիներին ու դուստրերին իրենով հպարտանալու, իրենով դրականորեն ներշնչվելու, եւ իրեն անմնացորդ նվիրվելու:

Խոստովանենք, դժվար է հայրենիք-պետականություն, պետություն-իշխանություն, քաղաքական իրավիճակ ու պետական համակարգ հասկացությունների զանազանության գիտակցումը` այս ամենից հեռու հասարակ հայորդու համար` բանվորի, բժշկի կամ նկարչի, ով անում է իր գործը, ապրում է իր առօրյայով եւ, դրան զուգահեռ, պարզապես ուզում է սիրել իր Հայրենիքը, հպարտ լինել իր Հայրենիքով եւ անհրաժեշտության դեպքում օգտակար լինել նրան:

Մինչդեռ մենք, ավելի ճիշտ մեր իշխանությունները, ինչպիսի՞ Հայրենիք են հրամցնում մեր ժողովրդին:
Հայրենիք, ուր անկախությունից 20 տարիներ ետք իսկ համենում է աղքատությունը, անգործությունը, թերաճ տնտեսությունը, սոցիալական անապահովությունը, անարդարությունը, արտոնյալ քրեական, կիսաքրեական խավի սանձարձակությունը: Հայրենիք, որից շարունակում են անխնա հեռանալ:

Հայրենիք, ուր դեռ հստակ ու պարզորոշված չեն ազգային հիմնահարցերի ըմբռնումն ու հետապնդումը: Ուր կա հավանականությունը, որ ինչ-ինչ հաշիվներից ելնելով կարող են մանրադրամի վերածվել ազգային խնդիրները:
Ամենավառ օրինակը, որ հակառակ Սահմանադրական Դատարանի հայտնի որոշման, շարունակում ենք համառել մեր ստորագրությունը հետ վերցնել հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրություններից:

Մեր հայրենի պետական այրերը ուզում են մեզ համխմբված տեսնել հայրենիքի շուրջ: Ու սա արդար է, ու անհրաժեշտ: Բայց բավարար չէ: Բավարար չէ միայն հաշվարկ անել մարդկանց ազգային, հայրենասիրական, զգացական մղումների վրա, որովհետեւ այս ամենը կարող է սպառվել, եթե չզուգահեռվի հիրավի արդար եւ զարգացման ընթացք ընդունած հայրենիքի կառուցմամբ:

Թող լինենք հոգատար եւ արդար մեր ժողովրդի հանդեպ, մեր պետության քաղաքացու հանդեպ, թող մեր ազգային ու քաղաքացիական արժանապատվության ու իրավունքների տերը լինենք եւ կտեսնենք, թե ինչպես կունենանք մեր ժողովրդի ամբողջական զորակցությունը: Կտեսնենք, թե ինչպես կունենանք զարգացման ուղի դուրս եկած երկիր` պատրաստ դիմակայելու ցանկացած արտաքին մարտահրավերի:

Չգիտեմ ուր` ինչպես, բայց մեր երկրում, մեր Հայրենիքում առկա սոցիալ-տնտեսական այս պայմաններում հայրենակերտումը, պետականաստեղծ գործը նաեւ ու անպայման պետք է լինի արդարություն կերտող, արդարություն պարտադրող գործ: Առանց սոցիալական արդարության մենք հզոր հայրենիք չենք ունենալու, առանց բարօր ու արդար Հայաստանի մենք մեր պետականության շուրջ ազգային համախմբվածություն չենք ունենալու, առանց արդարության մենք ազգային միասնականություն չենք ունենալու:

Մեր հասարակությունը բեւեռացվում է, ծայրահեղորեն բեւեռացվում է: Եւ այս ծայրահեղ սոցիալական բեւեռացման պայմաններում խոսք անգամ չի կարող լինել համերաշխության, միասնականության եւ համախոհության մասին: Երբ խեղված է ներազգային համընդհանուր մթնոլորտը, իրավիճակն անխուսափելիորեն դառնում է պայթյունավտանգ:

Առաջին հայացքից դժվար է սիրել այն հայրենիքը, որ թաղված է կոռուպցիայի մեջ, ուր տիրում է անարդարությունն ու ազգային հարցերում շփոթը: Այլ խոսքով մեր երկրում առկա վիճակը կարող է սպանել հայրենասիրությունը մեր մեջ:
Բայց մի՞թե մենք դրա իրավունքն ունենք: Մի՞թե մենք իրավունք ունենք թույլ տալու, որ մեր մեջ սպանեն կամ մեռնի հայրենասիրությունը: Հակառակը: Որքան ուզում է ծանր, անհասկանալի եւ անընդունելի լինի մեր երկրում տիրող իրավիճակը, այն առավել պիտի մղի մեզ հայրենասիրության, էլ առավել պիտի իմաստավորի եւ արժեւորի հայրենասիրությունը մեր մեջ:

Շողշողուն, անհոգ, վարդագույն երկրները բոլոր հայրենասերերն էլ կարող են սիրել, իսկ տառապյալ եւ զրկանքներ կրող երկիրը` միայն իրական հայրենասերները:

Հայրենասիրությունը կարելի է համեմատել ծնողի հանդեպ տածած սիրո հետ: Ծնողին սիրում ես, եթե նույնիսկ նա թույլ է, աղքատ ու անգամ` անդամալույծ: Սիրում ես ու հոգատարության պարտավորություն ու պատասխա- նատվություն ես զգում նրա նկատմամբ: Երբեք քեզ թույ չես տալիս ծնողիդ խնդիրները ի ցույց դնել հանրության առջեւ: Ծնողիդ ունեցած խնդիրները չեն կարող պատճառ դառնալ, որ երես թեքես նրանից, հեռանաս նրանից ու հակադրվես նրան:

Հայրենասիրությունը եւս նույնանման երեւույթ է: Բայց կա մի հիմնական տարբերություն: Ծնողի հանդեպ հոգատարության ինքնագիտակցումն ու ինքնապարտադրանքը ինչ որ տեղ բնության օրենքն են ու հաճախ իրենց մեջ պարունակում են խղճահարության տարրեր: Հաճախ նաեւ անզոր ես լինում որեէ բան փոխել ու համակերպվում ես:
Մինչդեռ հայրենիքի պարագայում անզորությունն ու համակերպումը տեղ չպիտի ունենան: Հայրենասիրությունը պետք է պարտավորեցնի առանց հայրենիքիդ խնդիրներն ու արատները աշխարհին ի ցույց դնելու, հետեւողականորեն պայքարել դրանք վերացնելու համար: Եւ այդ պայքարն իրավունք չունի չար լինելու: Պայքարը պետք է լինի ոչ թե ընդդեմ այլ հանուն: Ոչ թե ընդդեմ անձերի, այլ հանուն գաղափարի: Հանուն պետության եւ ժողովրդի բարօրության գաղափարի: Եւ հավատացած եղեք, որ ճիշտ պայքարի դեպքում խանգարող անձերը կդադարեն խանգարել եւ ինքնուրույն ասպարեզից կհեռանան: Հայրենասիրությունը Հայրենիքի այսօրվա, գլխավորապես այսօրվա համար հանձնառություն ու պատասխանատվություն է` միտված ապագային:

Անհրաժեշտ է հայրենասերների համախմբում: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտը բեւեռացած է, եւ դա արհեստական բեւեռացում է: Այդ բեւեռացման մեջ օդ չկա շնչելու, հույս չկա փոփոխությունների, բայց կա այդ բեւեռացման ամենակարեւոր զոհը` հասարակ ժողովուրդը, հայրենասեր մտավորականությունն ու քաղաքական ուժերը, որոնք պարտավոր են սթափվելու, պարտավոր են պոռթկալու, մի կողմ թողնելով անձնական հավակնություններն ու նեղմտությունը, պարտավոր են քով-քովի գալու համախմբվելու, միանալու ու նոր ճամփա բացելու երկրի, ու ժողովրդի առջեւ: Բաժան-բաժան մնալով մենք երկարացնելու ենք բեւեռների կյանքը, որը եթե կյանք է իրենց համար, մահ է` ըստ էության:

Ամենակարեւորը. վիճակը անհուսալի չէ, վստահ եմ իրական հայրենասերների պայքարը արտերկրում եւ հայրենիքում արդյունավորվելու է եւ մենք ունենալու ենք այն Հայրենիքը, որով կարողանալու ենք հպարտանալ ամենուր, որը հիմնական կռվանն է դառնալու հայ ժողովրդի բարօրության, զարգացման եւ ազգային իղձերի իրականացման համար:

Շնորհակալություն:

Leave a Comment