RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ 120 – Այսօր Արցախն է Հայաստանի ու հայության կենտրոնը

Posted on December 23, 2010, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Արցախում

Թվում էր` ՀՅԴ 120-ամյակի առիթով Լիբանանում արտասանած խոսքս, եզրափակիչն է լինելու: Սակայն երեկ անդրադարձա, որ Արցախում կազմակերպած տոնակատարությունը այլ կարեւորություն ու իմաստ ունի: Պարտավորված էի ներկա գտնվել եւ խոսք ասել:

120 տարիների վերջին 20-ամյակը սկսել ենք Արցախով: Արցախի ազատագրական պայքարով է մեր կազմակերպությունը վերընձյուղվել Հայրենիքում:

Մենք Արցախով ու Արցախի ազատագրական պայքարով ենք սկսել մեր գործունեության նոր շրջանը եւ նվիրվել ենք անմնացորդ: Հարյուրավոր զոհեր ենք տվել այս պայքարում, տվել ենք մեր կարողության առյուծի բաժինը: Մենք Արցախով հայրենի իրականության մեջ ազգային ուղղություն ենք ստեղծել, առանցք ձեւավորել:

Ուզում եմ հիշել Արցախյան պայքարում նահատակված մեր ընկերներին: Բոլորին անուն առ անուն թվարկել, հնարավոր չէ, բայց մի քանիսին հիշենք որպես ներկայացուցիչներ:

Արցախցի Աշոտ Բեկոր, արեգցի Թաթուլ Կրպեյան, երեւանցի Արթուր Ղեւոնդյան, տողեցի Վիգեն Գրիգորյան, լիբանանահայ Մհեր Ջուլհաջյան, արցախցի Արթուր Մկրտչյան, հրազդանցի Աբո Ալավերդյան, շահումյանցի Շահեն Մեղրյան, իրանահայ Բագրատ Սահակյան, պռոշյանցի Պետո Ղեւոնդյան:

Փառք ու պատիվ բոլորին:

Մենք առաջին իսկ օրից սկսած մերվեցինք Արցախին, մեր կարեւոր ներդրումն ունեցանք Արցախի ինքնակազմակերպման հարցում:

Արցախի ազատագրական պայքարի կազմակերպում,

Արցախի անկախ պետականության կերտում,

– մասնակցություն պետականաշինության գործում:

Վերջապես` այսօր էլ Արցախը շարունակում է մնալ մեր գերխնդիրը եւ լինելու է այդպիսին, մինչեւ աշխարհն ընդունի փաստը, հաշվի նստի կայացած իրականության հետ, ճանաչի Լեռնային Ղարաբաղի կայացած Հանրապետությունը:

Մենք Արցախի հետ կիսել ենք մեր նույնացված ճակատագիրը: Մենք Արցախի հետ սկսել ու շարունակում ենք պայքարը:

Հայկական իրականությունում` Դաշնակցությունն ու Արցախի գործոնը ունեցել են չարձանագրված, չպայմանավորված, չհայտարարված համագործակցություն, դաշինք, ու մեծ է եղել մեր գործակցության արդյունքը: Մեծ է եղել ու կարող է դեռ մեծ դերակատարություն ունենալ:

Վերջապես իրողություն է` հայկական իրականությունը բաժանվում է ջրբաժանով, որն անցնում է Արցախի հարցի միջով: Մի կողմում նրանք են, որոնց համար Արցախի կյանքը հարց ու գերխնդիր է, մյուս կողմում նրանք, որոնց համար Արցախի հարցը կարեւոր չէ եւ ոչ էլ գերխնդիր: Իբրեւ կազմակերպված ուժ` Արցախի հարցը մեզ համար գերխնդիր է, մեզ հետ են նաեւ մեր ժողովրդի առողջ ազգային տարրերը, մտավորականությունը, պարզ հայ գյուղացին, աշխատավորը ու ազգային արժանապատվություն ունեցող հայորդիները:

Այս չարձանագրված, չհայտարարված համագործակցությունը` Արցախյան գործոնի ու Դաշնակցության, պետք է լինի այն առանցքը, որի շուրջ կկայանա ազգային միասնականությունը: Միասնականություն, որ ծնունդ կտա ազգային, համահայկական անպարտելի ուժի ձեւավորման:

Միասնականություն, որ պետք է ապահովի բովանդակ ազգի մեկությունը:

Միասնականություն, որ թույլ չի տալու պառակտվել, տարբեր կողմերից թեքվել կամ ջարդվել:

Միասնականություն, որ չհավատանք սրա ու նրա խոստումներին, չվախենանք նրանց ապառնալիքներից:

Միասնականություն, որ չտրվենք հեշտ ու կարճ ճանապարհներով գնալու գայթակղությանը: Որ այն, ինչ ապահովել ենք արյամբ ու պատերազմով, տանուլ չտանք բանակցությունների սեղանի շուրջ:

Միասնականություն, որ մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար հաղթանակ կապահովի, վերջնական հաղթանակ, որ այլեւս իբրեւ ժողովուրդ դադարենք լացող, կոտրված ազգ լինել, դադարենք հոխորտացող ու երազող մարդկանց հավաքականություն լինել: Դառնաք իրապես հաղթող, ապրող, զարգացող ազգ:

Հաղթանակների սկիզբ դնենք մեր ժողովրդի համար:

Ավարտեմ խոսքս, նշելով Արցախի համար կարեւոր մի քանի առաջնահերթություն:

1.Որ ԼՂՀ-ն լինի կենսունակ, զարգացող, հզոր, գրավիչ երկիր` անհրաժեշտ է երկրում ապահովել սոցիալական արդարություն, ժողովրդավարություն:

2.ԼՂՀ-ն պետք է ունենա ակտիվ, ինքնուրույն, նախաձեռնող, ներազգային մշտական ներկայություն ու արտաքին քաղաքական գործունեություն:

3. Միջազգային ուժերը ազատագրված տարածքները, բռնագրավված Շահումյանն ու Գետաշենը հայկական կամ ադրբեջանական տեսնելու ոչ մի շահագրգռություն չունեն: Խնդիրը մեր մեջ է, թե մենք ինչքանով ենք պատրաստ այդ ամբողջն իբրեւ սեփական Հայրենիք ներկայացնել եւ պաշտպանել:

4.Արցախը չպետք է մենակ մնա: Արցախի անվտանգության, հաջողության համար երաշխավոր պետք է շարունակի լինել Հայաստանի Հանրապետությունը: Արցախը պետք է շահագրգռված լինի որ Հայաստանը դառնա արդար, ազատ երկիր: Քաղաքականապես կայուն Հայաստանի Հանարպետության երաշխիքը ներազգային կյանքում արդարության ու ժողովրդավարության հաստատումն է:

5.Արցախը հզոր է: Արցախցիների տունդարձի ժամանակն է: Արցախցիները ոչ մի տեղ չեն կարող այնքան օգտակար լինել Արցախին, որքան հենց Արցախում: Դեպի տուն` Արցախ, վերադարձի ժամանակն է:

Այսօր Արցախն է Հայաստանի ու հայության կենտրոնը: Այսօր Արցախից է բխում մեր ուժի ու լինելիության աղբյուրը: Այսօր եւ միշտ 120 ամյա երիտասարդ
ՀՅ Դաշնակցությունը Արցախի կողքին է:

Leave a Comment