ՀՅԴ-ն մտավախություն ունի, որ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների
Posted on April 20, 2011, by admin, under Լուրեր.
«Ազատություն» ռադիոկայան
Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում մտավախություն հնչեցրեց, թե իշխանությունը կարող է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Մարգարյանի կարծիքով, արտահերթ ընտրությունները կանցկացվեն ոչ թե այն պատճառով, որ իշխանությունը ցանկանում է կատարել Հայ ազգային կոնգրեսի պահանջները, այլ` սեփական շահից ելնելով: Այդ ընտրությունները, նրա խոսքով, ձեռնտու են միայն իշխանություններին, քանի որ «միայն նրանք ունեն հնարավորություններ եւ լծակներ ժամանակից շուտ ընտրություններ կազմակերպելու համար»:
«Կարող է այլ-այլ պատճառներով ինքը` իշխանությունը ժամանակից շուտ նախաձեռնի խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ, կարծում եմ, այսօրվա իշխանությունների առաջին մտահոգությունը ընտրություններն են: Եվ այդ ընտրություններում հաջողություն ունենալու հաշվարկումից կարող է նման քայլի դիմել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասաց Մարգարյանը:
Նրա փոխանցմամբ, Դաշնակցությունը առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ` առանց այլ կուսակցությունների հետ դաշինքներ կազմելու: Կուսակցության համամասնական ցուցակը դեռ քննարկումների փուլ կանցնի, սակայն Մարգարյանը չբացառեց, որ ցուցակում կարող է լինել նաեւ իր անունը:
«Ճիշտն ասած` ցանկություն չունեմ: Բայց մեր կազմակերպությունը ինքն է որոշում, թե ով ինչ պետք է անի», – ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է, որ առաջիկա ընտրություններից հետո այսօր իրեն ընդդիմադիր համարող Դաշնակցությունը կոալիցիա կազմի իշխանական ուժերի հետ, Մարգարյանը արձագանքեց. – «Եթե իրավիճակը մնա նույնը, եւ նույն ուժերը հաջողեն եւ նույն մոտեցումներով հաջողեն, բնականաբար, մենք չենք մասնակցի»:
Շարունակելով` ասաց արդեն երկու անգամ կոալիցիային անդամակցած ՀՅԴ-ի ղեկավար անդամը ասաց. – «Բայց ես քաղաքական կուսակցության պատասխանատու անձ եմ եւ չեմ ուզում ամեն ինչ բացառեմ, որովհետեւ իսկապես քաղաքականության մեջ անկարելիներ չկան: Եթե այս երկրի շահը պահանջի, որ մենք տուն գնանք` տուն կգնանք: Եթե պահանջի, որ, այո, մեր այսօրվա հակառակորդի հետ համագործակցենք` կհամագործակցենք: Բայց` միշտ հանուն այս երկրի եւ ժողովրդի»:
Մարգարյանը փոխանցեց, որ նախագահական ընտրություններին եւս Դաշնակցությունը կմասնակցի սեփական թեկնածուով, որի անունը, սակայն, դեռեւս որոշված չէ:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` նա ասաց, թե այսօր իշխանությունը ստեղծված ներքաղաքական լարվածությունը թոթոփելու համար «ավելի շատ շոու է կազմակերպում, քան իրական քայլեր կատարում»:
«Թեմաների է փորձում լուծում տրվի` [վարորդական] վկայական ինչպես պետք է ստանա… այս տեսակ բաներ, որոնք կարեւոր են, բայց մեր այսօրվա խնդիրը չեն… Մի հատ շոու է տեղի ունենում, որով կարծում են` կտպավորեն, բայց իրականության մեջ իրենք են սխալ տպավորության մեջ ընկնում: Կարծում են, որ մթնոլորտը թեթեւացնում են, բեռը թեթեւացնում են, լարվածությունը իջեցնում են, բայց այդպես չէ»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրանտ Մարգարյանը հատկապես քննադատեց իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Հարցին, թե իշխանությունը ինչ անելիքներ ունի քաղաքական դաշտում (2008 թվականի մարտի 1-ի սպանությունների կատարողներին բացահայտելու կամ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված ընդդիմադիրներին ազատ արձակելու առնչությամբ), նա պատասխանեց. – «Ով կրակեց, ով քար նետեց, ով գրգռեց, ով ճիշտ հակազդեց, ով ճիշտ չհակազդեց, ինչու ջրցան մեքենաները չաշխատեցին, ինչու արցունքաբեր գազ չկար, ինչու փամփուշտ կրակվեց… այս թեմաները ինձ համար երկրորդական են: Կարեւորն այն է, որ մենք` իբրեւ քաղաքական ուժեր, տարանք մեր երկիրը այդ բախումին, եւ դա ճիշտ չէր: Եվ դրա համար պատասխանատու են շատ-շատերը, մենք բոլորս ենք պատասխանատու: Բայց, մասնավորաբար` խնդրո առարկա երկու կողմը: Իրավունք չունի ոչ ոք հարյուր տոկոսով միայն դիմացինին մեղադրի: Մենք, բարեբախտաբար, այն կողմն ենք եղել, որը դուրս է մնացել առճակատումից»:
Վերջին շրջանում, նրա գնահատմամբ, թե’ Հայ ազգային կոնգրեսը եւ թե’ իշխանությունը զգում են պատասխանատվությունը. – «Նոր մարտը փորձում են բացառել երկու կողմն էլ: Եվ դա դրական եմ համարում»:
Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը Հայ ազգային կոնգրեսը համարում է ընդդիմության հիմնական, ծանրակշիռ թեւը. – «Դա իրականություն է: Նա [ՀԱԿ-ը] իրականության մեջ ընդդիմադիր առանցքային դեր ունի: Բայց մենք, ինչպես երբ իշխանության մեջ էինք եւ թույլ չէինք տալիս, որ մեր դաշտում մեկը մեզ հետ խոսեր վերեւից եւ մեզ պարտադրեր իրեն, այստեղ էլ թույլ չենք տալու: Հազար ու մի կասկածանք հայտնեցին կուսակցության դիրքորոշման մասին, հազար տեսակ բամբասանք հնչեցվեց այստեղ ու այնտեղ, այսօր արդեն բոլորը հանգիստ ընդունում են, որ Դաշնակցությունը լուրջ ընդդիմադիր կուսակցությունը է, որ, այո, նման չէ ՀԱԿ-ին եւ լավ է, որ նման չէ»:
Աստղիկ Բեդեւյան