RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում սխալ թիրախ էր ընտրել

Posted on June 25, 2011, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Առաջին լրատվականի» կայքէջին

ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանն իր ելույթում և դրան հաջորդած հարցուպատասխանի ընթացքում մի քանի շեշտադրումներ արեց, որոնք հետագայում տարբեր կերպ մեկնաբանվեցին և քննարկվեցին: Մասնավորապես` ելույթում Սերժ Սարգսյանը նշում էր, թե Հայաստանն իր ժողովրդին պատրաստում է խաղաղության, իսկ Ադրբեջանը` պատերազմի և հենց դրանով Ադրբեջանը առավելություն ունի: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, արդյո՞ք կար նման բան ասելու անհրաժեշտություն հենց եվրոպական ամբիոնից:

– ԵԽԽՎ ելույթը տարբեր էր, հարցազրույցը` տարբեր: Ելույթը գրավոր էր և դրանում էական բացեր և հարցականներ չկային, իսկ ահա հարցազրույցում, որը բանավոր էր, Սերժ Սարգսյանը շատ անորոշ, անհստակ, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող պատասխաններ է տվել, ինչն էլ, իհարկե, մտահոգիչ է: Ես կարող եմ հասկանալ, որ Սերժ Սարգսյանը փորձել է ասել, որ Ադրբեջանը ագրեսիվ է, իսկ հայերը` խաղաղասեր, փորձել է եվրոպացիների մոտ խղճահարություն ստեղծել, բայց ես կարծում եմ` դա կեցվածք և սխալ մարտավարություն է, որովհետև հարգում են այն մարդուն, որն ի վիճակի է իր իրավունքները պաշտպանելու, ոչ թե նրան, ով փորձում է իրեն խեղճ ցույց տալ: Սերժ Սարգսյանն իր բանավոր խոսքում սխալ թիրախի է փորձել հարվածել:

– Պարոն Մարգարյան, իսկ եթե համեմատելու լինենք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հայտարարություններն ու ելույթները, ապա Ձեր գնահատմամբ` ո՞վ է այստեղ ավելի կոշտ և հստակ արտահայտում իր դիրքորոշումը: Հիշեցնեմ նաև, որ Ալիևը ասել է, թե Կազանը վերջին հնարավորությունն է ԼՂ հարցը լուծելու: Սա ի՞նչ է` Ձեր կարծիքով:

– Ալիևի հայտարարությունների բովանդակությունը նորություն չէ: Երկար ժամանակ է` Ադրբեջանն այդ ոճով է խոսում: Սակայն ես նաև հավատում եմ, որ մեկը, որը շատ է խոսում պատերազմի մասին, պատերազմից հիմնականում ինքն է վախենում, մանավանդ` դրա փորձն Ալիևն ունի: Այնպես որ, ես կարծում եմ, որ Ալիևի նման հայտարարությունների հիմնական նպատակը վախեցնելն է, և հայկական կողմը պարզապես չպիտի վախենա դրանցից:

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում խոսեց նաև տարածքային ամբողջականության սկզբունքի մասին և նշեց, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ որևէ այլ երկրի, և հենց այդ պատճառով էլ Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, արդյո՞ք սա ճիշտ պատասխան էր:

– Այդտեղ նա նաև ասում է, որ Հայաստանը չի ճանաչել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն նորից կարծում եմ, որ թերի պատասխան էր: Նա պետք է շեշտեր, որ մենք փաստացիորեն ճանաչում ենք Ղարաբաղի անկախությունը, բայց դրա իրավաբանական ձևակերպումը չենք տալիս, որպեսզի բանակցային սեղանի շուրջ խոսելու մթնոլորտ ստեղծենք: Սերժ Սարգսյանը պետք է ընդգծեր, որ այդ ամենը, սակայն, դեռ չի նշանակում, որ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը:

– Պարոն Մարգարյան, վերջերս հրապարակվեցին Մադրիդյան սկզբունքները, Դաշնակցությունը միշտ նշել է, որ այս սկզբունքներին և դրանց տարրերին դեմ է: Եթե այդ սկզբունքներն ընդունվեն և որևէ փաստաթուղթ ստորագրվի, ապա այդ դեպքում ինչպիսի՞ն կլինեն Դաշնակցության քայլերը: Պատրաստվո՞ւմ եք, արդյոք, բողոքի ակցիաներ իրականացնել այնպես, ինչպես դա արեցիք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:

– Բնականաբար չենք ընդունելու: Նախ` ես չեմ կարծում, որ որևէ մեկն ունի իրավունք նման փաստաթուղթ ստորագրելու, քանզի ստորագրելուց առաջ առնվազն պետք է Ղարաբաղում հանրաքվե անցկացվի` պարզելու համար, թե արդյոք ժողովուրդը կողմ է այդ տեսակ պայմանագրի և հետո նոր մարդու ձեռքը գնա այդ
փաստաթղթի տակ ստորագրելու: Այնպես որ, նման փաստաթղթի ստորագրումն առանց Ղարաբաղի
մեզ համար անընդունելի է: Իսկ եթե մի օր մենք փաստի առաջ կանգնենք և տեղեկանանք,
որ ստորագրություն, այդուամենայնիվ, եղել է, ապա ստորագրությունից մինչև հաստատում
երկար ճանապարհ կլինի, և պարզ է, որ այն կարժանանա հայ-թուրքական
արձանագրությունների ճակատագրին:

Անժելա Խաչատրյան

Leave a Comment