Դաշնակցությունը ապագայի կուսակցություն է
Posted on June 24, 2011, by admin, under Ելույթներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովին
Հարգելի եւ սիրելի ներկաներ,
Հ.Յ.Դաշնակցության 31-րդ Ընդհանուր ժողովի բացման այս հանդիսավոր նիստին խոսքս առաջին հերթին ուղղելու եմ մեր ընկերներին` ժողովին մասնակից կամ ոչ:
Ամպագորգոռ, կեղծ ոգեւորիչ խոսք չեմ ասելու: Փորձելու եմ իրատեսության մղող խոսք ասել: Բայց եւ ի սկզբանե նշեմ` իմ հասկացած իրատեսությունը ոչ մի առնչություն չունի չոր գործնապաշտության, մեր արատավոր ներկային, համակերպվելու հետ:
Անցած երեք տարիները հայ ժողովրդի, մասնավորաբար հայաստանցիների համար եղել են ծանր, դժվար եւ տագնապալի տարիներ: Նույնը եղել է մեր կազմակերպության համար` ծանր, դժվար եւ տագնապալի` համապատասխան հետեւանքներով: Հետեւանքներ, որոնք դրսեւորվում են ամեն անգամ, երբ զարնվում ենք փորձաքարի, ունենում ենք ձախողումներ: Մեզ մոտ, ինչպես հիվանդության նշաներ, ինքնացուցադրվում են թերհավատություն, տատանում, վարանումներ, կասկածանք: Արդարեւ մեր կազմակերպությունը եւս կենդանի օրգանիզմ է եւ, ինչպես մյուս օրգանիզմները, հակում ունի հիվանդությունների: Եթե ժամանակին չբուժենք հիվանդությունը, այն դառնալու է քրոնիկական եւ ավարտվելու է անդամահատությամբ կամ մահով:
Մեր մթնոլորտը հագեցած է հաճախ իրարամերժ, հակասական տեսակետներով, հարցումներով, մեղադրանքներով, բամբասանքներով, որոնք ազդում են մեր ներկազմակերպական իրավիճակի վրա: Թեպետ այս օրերին, հատկապես այս օրերին, անընդհատ ինձ բռնում եմ մի մտքի վրա. չե՞նք հոգնել միշտ վերջում, միայն վերջում անդրադառնալ, որ մենք դարձյալ ճիշտ էինք: Բայց Ընդհանուր ժողովն է առիթը, որ մեզ խստորեն քննենք, պարզենք մեր արածն ու չարածը, վերահաստատենք մեր կեցվածքները, որ պարզերես լինենք եւ ինքներս մեր, եւ ժողովրդի առաջ:
Նախորդ Ընդհանուր ժողովը տեղի ունեցավ 2008-ի մայիսի վերջավորության: Անցած երեք տարիները մեզ համար հատկանշվեցին հետեւյալ կարեւոր երեւույթներով.
-Ներքաղաքական կյանքում շարունակվեց նախագահական ընտրություններով սկիզբ առած առճակատման մթնոլորտը` արտաքին միջամտությունների դուռ բացելով:
-2008-ի հունիսին, ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ, սկիզբ առան հայ-թուրքական հարաբերությունները, ինչն ալեկոծեց մեր ազգային կյանքը:
-2008-ի օգոստոսին բռնկվեց Ռուսաստան-Վրաստան պատերազմը, ինչն զգալի դարձրեց Հայաստանի անվտանգության խոցելիության աստիճանը, մեծացավ պատերազմի սպառնալիքը:
-Սկիզբ առավ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որն իր կարեւոր անդրադարձն ունեցավ մեր երկրում: Դրան գումարվեց կառավարության ձախող տնտեսական քաղաքականությունն ու ղեկավարումը: Արդյունքում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մեջ է երկիրը:
-Վերջնականորեն ապացուցվեց` գործող իշխանությունները կոռուպցիային, տնտեսական անարդարություններին, արտոնյալ խավի սանձարձակություններին վերջ դնելու ոչ անհրաժեշտ կամքն ունեն եւ ոչ էլ ի վիճակի են այդ անել: Անհրաժեշտ է համակարգային իշխանափոխություն:
Անցած եռամյա ազգային-քաղաքական իրականությունը մենք այսպես ենք գնահատում: Սակայն դա չի նշանակում, թե բոլորն էլ այդ նույն իրողությունը նույնկերպ են գնահատում: Ոմանց դիտակետն այլ է: Այսպես. շարունակվեց առճակատումը եւ հաջողեց արտաքին միջամտություն ապահովել: Ստեղծվել էր շանս կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն հայդատականների եւ անվճռական իշխանությունների պատճառով կորցրինք այդ հնարավորությունը: Առկա էր, ինչու ոչ, նաեւ առկա է պատերազմի վտանգ, ուստի անհրաժեշտ է օր առաջ գնալ զիջումների: Միջազգային տնտեսական ճգնաժամը, վարվող տնտեսական քաղաքականությունը մի կողմ, բավական է այսօրվա իշխանավորների տեղ գան նորերը, սխալվեցի` գան հները, եւ ամեն ինչ լավ կլինի: Այսօրվա մեր բոլոր հարցերի բուն պատճառը այն է, որ մոնղոլ-թաթարներն են իշխանության ղեկին, ավելի ճիշտ իշխանության գագաթին, փոխենք այն նախկինով, եւ ամեն ինչ ճիշտ է լինելու: Այսպես մտածողներ նունպես կան:
Այո, թե ինչպես ես գնահատում իրականությունը, ինչ արժեչափերով, ըստ այդմ էլ անում ես հետեւություններ: Եթե ազգային -պետական ինքնիշխանությունը սրբություն է քեզ համար, եթե արտաքին միջամտությունները անընդունելի են, եթե պատերազմը սպառնում է քեզ եւ խնդրո առարկան ազգային շահն ու իրավունքներն են, մտածում ես դիմագրավելու մասին, ոչ թե զիջումներով` ինքնասպանության: Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տեսնում ես ազգային արժանապատվության, անվտանգության եւ սերունդների իրավունքների տեսանկյունից, ապա այս արձանագրություններով կարգավորմանը ընդդիմանալուց բացի այլ ելք չունես: Եթե այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը համարում ես իշխանությունների վարած քաղաքականության հետեւանք, ուրեմն պետք է փոխել քաղաքական ուղղությունը եւ ոչ թե միայն իշխող անձանց քո թիմակիցներով: Եթե հարցը համակարգային է, պետք է ունենաս համապատասխան ծրագիր եւ ապահովես ժողովրդային գիտակից թիկունք, ապա թե ոչ կմտածես անձերի փոփոխության մասին ու կտրվես ամբոխավարության:
Մենք մեր արժեչափերը ունենք, մեր աշխարհայացքը, ուրիշները` իրենցը եւ այդ դիրքերից քննադատում, մեղադրում, ամբաստանում են, փորձում են կասկածներ սերմանել, սուտ լուրեր տարածել, վիրավորել, վարկաբեկել: Մի խոսքով, ոչ մի բանի առջեւ չեն կանգնում: Սա պայքար է, եւ մենք պետք է կառչած մնանք մեր արժեչափերին, հավատանք ինքներս մեզ եւ շարունակենք ապրել իբրեւ դաշնակցական` միասնական, կարգապահ, հավատքով:
Հայաստանի Անկախ Հանրապետությունում մենք ներկա ենք եղել առաջին իսկ պահերից: Եղել ենք թե ընդդիմություն, թե իշխանություն, բայց երբեք մեր տեսակետները, կեցվածքները, դիրքորոշումները, մեր խոսքը չի տարբերվել: Փորձել ենք անընդհատ նորանալ, ժամանակի հետ քայլ պահել, բայց չփոխել մեր էությունը: Երեւույթները մեր կողմից տարբեր գնահատականի չեն արժանացել, ըստ այնմ, թե որ ճամբարում ենք եղել: Մյուս բոլոր կուսակցություններից մեզ զանազանող առաջին յուրահատկությունն այս է:
Ազգային հարցերում մենք միշտ ունեցել ենք հայեցակարգային մոտեցում, սակայն միաժամանակ հավատացել ենք, որ ազգային հարցերին զուգահեռ մեծ կարեւորություն ունեն սոցիալական հարցերը: Մենք հավատացած ենք. ազգային հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ներազգային համերաշխության եւ միասնության հիմքը սոցիալական արդարությունն ու ազատություններն են, ազատ անհատն ու քաղաքացիական հասարակությունն է:
Ահա թե որտեղով է անցնում Հայաստանի քաղաքական դաշտի ամենահիմնական ջրբաժանը. Մի կողմում նրանք են, ում համար արդարություն հասկացությունը հարուստ վերնախավի շահերի պաշտպանության հարցն է, այն բոլոր ուժերը, որոնք ծայրահեղ աջ են կամ հավատում են ծայրահեղ լիբերալիզմին եւ վերջապես` նրանք, որ անգիտակցաբար, կուրորեն հետեւում են այդ ուղղությանը: Այս ուղղության կրողն են նախկին ու ներկա բոլոր իշխանությունները, ուր էլ գտնվեն` ծայրահեղ ընդդիմության դաշտում, թե իշխանության ճամբարում /դրա գրքունակ ներկայացուցիչն է այսօրվա վարչապետն ու կառավարությունը/, իսկ մյուսը մենք ենք` ազգային հարցերի լուծման համար անհրաժեշտ է ներազգային համերաշխություն, միասնականություն, ինչը հնարավոր է արդարության հաստատումով, սոցիալական արդարության հաստատումով:
Ասացինք` մեր խոսքը տարբեր ժամանակներում ու հանգամանքներում նույն է եղել. Դեռ կոալիցիայի մեջ` մենք օրենք ենք անցկացրել. նվազագույն աշխատավարձը պետք է համապատասխանի կենսապահովման նվազագույն զամբյուղին: Օրենքն ընդունվել է, բայց մինչեւ այսօր այն չի գործադրվում:
Մենք հավատում ենք ժողովրդի հանդեպ պետության հոգատարության սկզբունքին, իրենք այլ կերպ են մտածում: Մենք պնդում ենք, որ աշխատող մարդն առնվազն պետք է կարողանա հոգալ իր նվազագույն կարիքները եւ պետությունը պարտավոր է երաշխավորել այդ: Մենք պնդում ենք, որ պետությունն ի վիճակի է այդ նվազագույնը ապահովել, իսկ իրենք պետության հոգատար դերակատարությունը նվազեցնում ու նվազեցնում են: Վստահ եմ` իշխանության ղեկին կանգնած մարդկանցից եւ ոչ մեկը պարտավորված չի եղել նվազագույն աշխատավարձով ապրել, այլապես կանդրադառնային, որ անհնար է:
Ասում ենք` ծանր է երկրում տիրող սոցիալ- տնտեսական իրավիճակը: Սակայն հարց է` կառավարությունը պատկերացնո՞ւմ է` ծանր ասելով ի՞նչի մասին է խոսքը, թե միայն թվեր-թվեր է պատկերացնում, հանդիպո՞ւմ են մարդկանց, որոնց համար անմատչելի է բժշկական ծառայությունը եւ խեղվում են, մեռնում են բոլորիս անտարբեր ու անպատասխանատու ներկայությամբ. Բայց չէ՞ որ հնարավոր է բուժծառայությունը ապահովագրել: Ինչո՞ւ վերացավ դեռ մոտ անցյալում կիրառվող գյուղացու, մանր սեփականություն ունեցող գյուղացու սուբսիդավորումը, ինչո՞ւ ապահովագրված չպետք է լինի գյուղատնտեսությունը բնության հարվածների դեմ հանդիման: Աշխարհում որտե՞ղ է գյուղատնտեսությունը զարգանում առանց պետական լուրջ հովանավորության:
Սոցիալական բազում հարցեր, որոնք ունեն իրենց լուծումները. սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորումից մինչեւ գործազրկության, աղքատության վերացում: Մինչդեռ աղքատությունը մեծանում է ու խորանում, արտագաղթի վտանգավոր նոր փուլ է սկսվել:
Չէ որ ապացուցվել է` շուկայական հարաբերությունները ինքնին բոլոր հարցերը չեն լուծում, անհրաժեշտ է պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարություն: Դերակատարություն, որ մի կողմից բարիքների ստեղծման գործում` ազատություն, իսկ մյուս կողմից նույն բարիքների բաշխման գործում արդարություն կապահովի: Մենք սահմանդրությամբ իսկ ամրագրված սոցիալական պետություն ենք, եւ պետության դերը այդ ազատությունն ու արդարությունը երաշխավորելն է.
Պետության հիմնական գործը իր ժողովրդի հանդեպ հոգատարությունն է: Միայն կարելի է զարմանալ մեր իշխանավորների վրա` ինչպե՞ս են մտածում. այս պայմաններում ապրող ժողովուրդը կցանկանա՞, ցանկանալու դեպքում` կկարողանա՞ թիկունք կանգնել իրենց արտաքին վտանգները դիմագրավելիս, զարմանալի է` ինչպե՞ս են ակնկալում դարձյալ վերընտրվել, եթե խոսքն, իհարկե, վերաբերում է ազատ ու արդար ընտրություններին:
Մեր կուսակցության կենսունակությունը, հայկական իրականության մեջ տեղն ու դերը ճիշտ եւ անաչառ գնահատելու համար պետք է մեկնել 5 չափորոշիչներից, որոնք ընդհանրապես որեւէ քաղաքական ուժի գնահատման հարցում ճշտորոշիչ դեր ունեն:
Անկախություն եւ ինքնուրույնություն
Անկախևինքնուրո՞ւյն է Դաշնակցությունը: Հարցի պարզեցված առումով` կասկած ոչ մեկի մոտ չկա, վստահ եմ, սակայն այստեղ խոսքը միայն այլ ուժի պատկանելու, այլ ուժի ծառայելու մասին չէ, այլ` թե որքան ենք կրել, նույնիսկ ակամա, տարերայնորեն, այլոց ազդեցությունը, տրվել այլոց խաղերին, ազդվել այլոց կողմից ձեւավորված քարոզչական, զգացական, արդիականության անվամբ մատուցված մթնոլորտին եւ շեղվել մեր ուղուց, մեր էությունից:
Այսօրը արդեն փաստ է` մենք անցած տարիներին, թե իշխանության մեջ, երբ մասնակից էինք կոալիցիային, թե ընդդիմության օրերին պահել ենք մեր դեմքը, արժանապատվությունն ու անկախությունը:
Մենք իշխանական աթոռների պատանդը չդարձանք, մենք իշխանության առավելությունների գերին չդարձանք, ժամանակին ասացինք` մեզ համար կարմիր գծեր կան, երբ խախտեք այդ սահմանները, մենք թողնելու ենք կոալիցիան: Եւ երբ սահմանը հատվեց, մի վայրկյան իսկ չտատանվեցինք, այլց ձեռքին գործիք դառնալու հաճույքը ոչ մեկին չպատճառեցինք: Արդար լինենք ու նաեւ ասենք, որ անցած օրերի համատեղ աշխատանքի ու գործակցության համար էլ ապերախտ ու անընկերական չեղանք: Դա էլ մեր տեսակն է, մեր ժողովրդից ժառանգած տեսակը:
Կոալիցիայից դուրս գալուց հետո, անկեղծ ասած, մեր անկախությունը պահպանելը, ազդեցությունների գերի չդառնալը ավելի դժվար մարտահրավեր է եղել մեզ համար: Այս դաշտում կատարյալ բռնապետություն էր, տիրական էր` ով մեզ հետ չէ, մեր դեմ է նշանախոսքը, դեռ ավելին` ով մեզ հետ չէ, կեղծ է, տականք է, եւ այլն եւ այլն: Բայց մենք պահեցինք մեր դեմքը, այս մի փորձությանն էլ դիմացանք:
2. Ծրագիր, քաղաքականություն եւ գործադրման ունակություն:
Արդեն ասացինք` մենք ոչ միայն ունեցել ենք զանզանվող ուղղություն, այլեւ գործունեության արդեն իսկ հայտարարված պլատֆորմ: Մենք նաեւ ունենք եւ շարունակաբար հրատարակում ենք առանձին սոցիալական հարցերի լուծման գործնական ծրագրեր: Մենք ունենք պետականության մեջ աշխատելու փորձ, ճանաչողություն եւ համապատասխան կադրեր, լուրջ մարդկային ներուժ:
3. Իր կարողականության չափով եւ ավելիով լինել ազդեցիկ:
Մենք վերջին խորհրդարանական ընտրություններին կարողացանք ժողովրդի վստահության 13% -ը ունենալ, սակայն մեր գործունեության արդյունավետությունը եւ ազդեցության չափը շատ ավելի մեծ է եղել:
4.Շարունակականության ապահովում և անվտանգություն:
Հայաստանում գործող գրեթե բոլոր քաղաքական կազմակերպությունները ձեւավորված են մեկ կամ մեկ-երկու անձերի շուրջ: Անձի կամ անձերի գոյությամբ է պայմանավորված այդ կազմակերպությունների կյանքը: Մենք այդպիսի կազմակերպություն չենք: Ինչքան են փորձել, բայց մենք միակ կուսակցություն ենք, որ երբեւէ չենք պառատկվել. մեր կազմակերպության շաղախը մեր գաղափարախոսությունն ու նպատակներն են:
5.Ժողովրդականություն:
Մեր ուժի միակ աղբյուրը մեր ժողովուրդն է, պիտի կարողանանք մեր շուրջ կազմակերպել ժողովրդին: Այստեղ չենք կարող ասել, թե հաջողել ենք, բայց մենք գնում են ճիշտ ճանապարհով , կայուն եւ գիտակից համակրանք ձեւավորելով մեր շուրջ: Ցավոք, մեր քաղաքական համակարգը կայացած չէ, ոչ մի ուժ լուրջ հասարակական հենարան չունի: Սա միայն քաղաքական մշակույթի հարց չէ, այլ նաեւ հոգեւոր ու սոցիալական մշակույթի: Սա երկրի քաղաքացի ձեւավորելու գերխնդիր է:Այսպես կոչված քաղաքական ուժերը, փորձում են կամ պետական լծակներին կառչելով կամ ժամանակավոր հասարակական ալիք բարձրացնելով ու ընդդեմի քվեն իրենց շուրջ կենտրոնացնելով հասնել արդյունքի, ընտրության հաջորդ օրը նույն հասարակության ու նույն համակարգը իրենց դեմ ունենալով:
Իշխանության լծակներով կամ իշխանության դեմ ձայներով քվե հավաքելը քիչ բան է նշանակում: Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, երբ այս կամ այն ուժը լուրջ ձայներ է հավաքել, բայց չորս տարի հետո մոտեցել զրոյին: Շատ քվե, շուտ եւ շատ քվե ունենալու ցանկությունը կարող է կազմակերպություններին մղել դեպի ամբոխավարություն, արկածախնդրություն, դեպի անսկզբունքայնություն: Սա ապագա չունի: Պահենք ու պահպանենք մեր դեմքը, տեսակը եւ աշխատանքով, տքնաջան, ամենօրյա աշխատանքով շահենք ժողովրդին ծառայելու, առաջնորդելու իրավունքը: Նաեւ մեր փորձառությամբ, մեր կուսակցության ներքին ժողովրդավարությամբ մենք պետք է օրինակելի դառնանք ու նպաստենք Հայաստանի քաղաքական համակարգի կայացմանը: Մենք պարտավոր ենք ամենաժամանակակից մտածողության կրողը լինել, առաջնորդվել 21-րդ դարի արժեչափերով: Մենք պետք է կարողանանք պարզ, մատչելի, հասկանալի դառնալ մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդությանը:
Մեր նպատակն է` ազատ ու արդար ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, ավելի ճիշտ` մեր առանցքի շուրջ որակապես նոր իշխանությունների ձեւավորման: Սակայն մինչ այդ կյանքը չպետք է կանգ առնի կամ մեր առօրյան լցվի փոխադարձ հայհոյանքներով ու պիտակավորումով, առավոտից իրիկուն` կռիվ-կռիվ խաղալով: Մինչ նոր ընտրություններ մենք աշխատելու ենք. օրենսդրական նախաձեռնություններով, խորհրդարանական գործունեությամբ, ցուցական ու քարոզչական աշխատանքով, մշակելու ու պարտադրելու ենք մեր լուծումները առանձին սոցիալական հարցերի առումով: Արտաքին հնարավոր վտանգները դիմագրավելու նպատակով` չենք զլանալու անխտիր, բոլոր քաղաքական ուժերի հետ գործակցելու եւ ընդհանուր կեցվածքներ դրսեւորելու հարցում:
Չեմ կարող չանդրադառնալ նաեւ մեր երկրում անցկացվող ընտրությունների բնույթին: Հենց միայն այն փաստը, որ բացահայտ կերպով, առանձին թեկնածուների եւ քաղաքական ուժերի կողմից, ընտրակաշառք է բաժանվում, եւ ոչ ոք նվազագույն ճիգ գործ չի դնում օրենքը խախտողի դեմն առնելու, ամեն ինչ ասում է: Ցանկություն չունենալով դույզն իսկ մեղմացնել իշխանությունների պատասխանատվության բաժինը, չեմ կարող չանդրադառնալ մեր` ժողովրդի, քաղաքացիներիս պատասխանատվությանը:
Ժողովրդի քաղաքականացումը, քաղաքականորեն կազմակերպվելը ուղղակի առնչություն ունի ժողովրդավարության կայացման աստիճանի հետ. բոլոր զարգացած ժողովրդավարության երկրներում հասարակություններն անցել են այս անխուսափելի փուլերով:
Մեր երկրում վիճակը կփոխվի, կյանքը կբարելավի, եթե ժողովուրդը ազատորեն, ընտրությունների միջոցով ձեւավորի իշխանություն, եթե յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն ցուցաբերի այս հարցում: Բավական է յուրաքանչյուր մարդ համոզումով քվարկի, գիտակցաբար քվարկի: Թող բոլորին դեմ քվարկի, թող քվարկի ում ուզում է, բայց քվարկի պատասխանատվությամբ, քվարկի համոզումով, միայն թե իր քվեն, իր եւ մեր երեխաների ապագան չվաճառի ինչ-որ գումարի դիմաց: Բոլոր-բոլոր մտավորակաների, հասարակական գործիչների, քաղաքական ուժերի պարտքն ու պարտականությունն է աշխատել ժողովրդային լայն շերտերի հետ` բոլորին մղելով տեր կանգնել իրենց ընտրական իրավունքին, իրենց պատասխանատվությանը տեր կանգնեն, չքվարկեն փողի դիմաց, վախի ազդեցությամբ չքվեարկեն, թաղային հեղինակության կամ գյուղապետի կոչով իրենց կամքին ու ցանկությանը հակառակ չքվեարկեն:
Մենք պարտավոր ենք բարոյական նորմի վերածել համոզումով քվեարկելու հարցը: Ընտրակաշառքով քվեարկելը անբարոյականություն է:
Իշխանությունների ընտրակեղծիքների հնարավորությունը սահմանափակ է: Բավական է մենք քվարկենք համոզումով:
Վերջապես բոլոր նրանք, ովքեր պատասխանատվություն են զգում ժողովրդի ու երկրի այսօրվա եւ վաղվա համար թող մեկ օր իրենց կյանքից, ընտրության օրը նվիրեն դրանց արդար կայացման գործին: Մեր միջից լավագույները, ովքեր կարող են պաշտպանել օրենքը, ովքեր համարձակություն ունեն կուրծք դեմ տալու կեղծարարներին, թող ոտքի ելնեն, թող կամավոր դառնան, որ կարողանանաք կանխել իշխանությունների վերարտադրությունը: Մենք շուտով նախաձեռնելու ենք կամավորների արձանագրում: Անկախ քաղաքական հայացքներից, բարոյական պատասխանատվու- թյուն ընդհանրությունից ելնելով` մենք կոչ ենք անում համագործակցության: Թույլ չտանք կեղծել ընտրությունները:
Ինչո՞ւ ենք մեր հույսը դրել ընտրությունների վրա: Վստահ եմ` հենց հիմա բոլոր նրանք, ովքեր թե իրենց կենսագրությամբ, թե իրենց մտածողությամբ շատ հեռու են հեղափոխությունից, մեզ կսկսեն դասեր տալ` դուք հեղափոխական կուսակցություն եք, իսկ հիմա խոսում եք ընտրությունների մասին: Այո, մենք հեղափոխական կուսակցություն ենք: Երբ օրինական պայքարի կարելիությունները բացառվեն, երբ անօրինական պայքարի դուրս գան մեր դեմ, երբ ազգային շահը եւ անվտանգությունը պահանջի, մենք դարձյալ հեղափոխականներ ենք: Բայց հեղափոխական լինելուց առաջ մենք ազգային կուսակցություն ենք եւ չենք կարող նկատի չունենալ երկրի ու ժողովրդի պայմաններն ու շահը: Երբ հեղափոխության իրական պատճառներ չկան, երբ ինքը կյանքը չի պարտադրում այն, հեղափոխական գործունեությունը միայն արկածախնդրություն է եւ ըստ ամենայնի մերժելի:
Մենք դեմ ենք նաեւ երկիրը ցնցումների ենթարկելուն: Անվտանգությունն ու արտաքին մարտահրավերները պահանջում են քաղաքական կայունություն եւ ազգային առավելագույն համերաշխություն: Մյուս կողմից` ոչ ոք դեռ չի սպառել պայքարի սահմանադրական կարելիությունները: Ահա եւս մեկ ապացույց, որ մեր ընթացքը ճիշտ է` նրանք, ովքեր անցած երեք-չորս տարիների ընթացքում պատեհ ու անպատեհ առիթը բաց չթողեցին մեզ քննադատելու, անմեղ զոհերի եւ երկրի վարկաբեկման մեղքի իրենց բաժինը շալակած եկել ու կանգնել են այնտեղ, որտեղ մենք էինք կանգնած: Նույնիսկ Դաշնակցությունն արգելած, մեր կազմակերպությունը Հայաստանում ու Սփյուռքում հալածած իշխանության հետ մենք վերջնականորեն չենք խզել կապերը, անգամ գործակցության եզրեր ենք պահել, երբ խնդրո առարկան արտաքին մարտահրավերները, երկրի ու ժողովրդի շահն է եղել: Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ, ինչ կարգավիճակում էլ լինենք, մենք աշխատել ու աշխատելու ենք այս տրամադրությամբ: Որովհետեւ անհնար ու անհեթեթ է գործել սեփական անկախ պետականության մեջ ու քանդել պետականությունը, անտեսել անվտանգության հրամայականները: Մենք թատրոնի, բանակցողների, երկիշխանության ձեւ թափելու պահանջ չունենք:
Մի ուրիշ բանում էլ են մեզ մեղադրում, ինչո՞ւ ընդիմությունը միասնական չէ, ինչո՞ւ միասնական ճակատ չի ձեւավորվում: Միանանք, որ ի՞նչ լինի: Միանանք, Սերժ Սարգսյանին փոխարինենք Լեւոն Տեր -Պետրոսյանով: Որ վերադառնան ներազգային անհանդուրժողականության, ցինիզմի, ազգային հարցերում զիջելու պատրաստ մթնոլորտն ու տարինե՞րը: Որ ընդամենը անձը անձով փոխարինվի՞:
Ուզում են պարտադրել` Սերժ Սարգսյան կամ Լեւոն Տեր- Պետրոսյան: Ո՞րն է նրանց տարբերությունը, իսկ եթե կա տարբերություն, որ կա` ո՞ւմ օգտին է այն: Եւ վերջապես ինչո՞ւ ենք հարկադրված ընտրություն կատարել այս համեմատության մեջ:
Այնուամենայնիվ` այստեղ տեղին եմ համարում հայտարարել, որ ցանկացած հարցով պատրաստ ենք գործակցելու ցանկացած ուժի հետ, եթե հստակ է նպատակը, օրակարգը, գործելաոճը եւ ղեկավարման բնույթը:
Ազգային հարցերի առումով մենք հստակ հեռավորության վրա ենք գործող իշխանություններից եւ ավելի մեծ հեռավորության` ծայրահեղ ընդդիմությունից:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին անցած երեք տարիների ընթացքում շատ է խոսվել: Չեմ կենտրոնանալու, բայց նշեմ միայն մեկ կետ. արձանագրությունների ստորագրման պահից սկսյալ Նախագահը, ով ինքն էր նախաձեռնել եւ համաձայնություն տվել արձանագրություններին, ունեցել է ելույթներ` նախագահական ուղերձը, Դեր Զորում ելույթը, Սահմանադրական Դատարանի որոշումը, Սեւրի Դաշնագրի ստորագրման տարեդարձի առիթով ելույթը եւ այլն, որոնք մեր կողմից պետք է դրական գնահատվեին, սակայն երկու բան խանգարել է մեզ. նախ դեռեւս մեր, Հայաստանի ստորագրությունը շարունակում է մնալ այդ արձանագրությունների տակ: Ինչի՞ ենք սպասում: Ստացվում է` Թուրքիան սպասում է Ղարաբաղի հարցում իրենց ի նպաստ ինչ-որ լուծումի, որ հաստատի ստորագրած արձանագրությունները, իսկ մենք էլ սպասում ենք , որ դրանից հետո հաստատենք: Ի՞նչ է ստացվում: Մենք պահանջում ենք հետ քաշել ստորագրությունը այդ վտանգավոր արձանագրություններից: Միշտ պետք է հաշվարկել, որ այս արձանագրություններին դեմ է հայ ժողովուրդը, դեմ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարանը: Հետո, որեւէ այլ պահի կարելի է նախաձեռնել նոր, ոչ ստորացուցիչ հարաբերություններ Թուրիայի հետ:
Խանգարող երկրորդ հանգամանքը անհրաժեշտ վստահության նվազող չափաբաժինն է: Մեր համատեղ աշխատանքի փորձը դրան է հանգեցրել:
Ղարաբաղի հարցով մեր դիրքորոշումը հստակ է, փոփոխություն չի կրել: Խաղաղ կարգավորման գործընթացն անցնող երեք տարիներին նոր փուլ չի մտել` Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքի պատճառով: Միաժամանակ, ի դեմս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների, միջազգային հանրության մոտ առավել ամրապնդվել է այն տեսակետը, որ Արցախը չի կարող վերադարձվել ադրբեջանական ենթակայության: Կարգավորման ուրվագծվող հնարավորությունը, սակայն, հայկական կողմից պահանջում է այնպիսի զիջումներ, որոնք մեր եւ մեր ժողովրդի մեծամասնության համար անընդունելի են: Անհրաժեշտ է ազգովի պատրաստ լինել դիմագրավելու այդ ոչ անհավանական պահը:
Ջավախքի հարցում Վրաստանի իշխանությունները անցնող տարիներին ցուցաբերել են առավել նուրբ ու բարդ մոտեցում: Մի կողմից ` երկրամասը օժտել եւ շարունակում են օժտել հաղորդակցության եւ էներգետիկ ժամանակակից ենթակառույցներով, ինչը տնտեսական զարգացման նախադրյալներ է ստեղծում, մյուս կողմից` հստակ նպատակադրումով երկրամասը մնում է Վրաստանի տնտեսապես ամենահետամնաց շրջանը: Առավել` Վրաստանի իշխանությունները շարունակում են աննախընթաց ճնշում գործադրել հասարակության ակտիվ շրջանակների վրա եւ վախի մթնոլորտ են ստեղծել ժողովրդի մոտ: Բացահայտորեն խոչընդոտվում է Ջավախքի ժողովրդի հայկական ինքնության պայհպանումը, շարունակվում է քաղաքական խտրականությունը հայ ազգաբնակչության նկատմամբ, ժողովրդագրական վիճակը ի վնաս հայության փոխելու քաղաքականությունը: Մենք մնում ենք Ջավախքհայության ինքնավարության պահանջի կողքին: Բոլոր նրանք, ում համար կարեւոր են Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները, պետք է գիտակցեն` Ջավախքը վառոդով լեցուն տակառ է, ուշ թե շուտ պայթելու է, եթե ժամանակին չցուցաբերվի խոհեմություն եւ Ջավախքին չտրվի այն, ինչ սահմանում է միջազգային օրենքն ու փորձը:
Այս տարի պետական մակարդակով ձեւավորվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական հանձնախումբ: Համահայկական պետական հանձնախմբի ձեւավորումը կարեւոր առիթ է միասնական որոշումով Հայկական Ցեղասպանության Միջազգային Ճանաչման հանգրվանից անցնելու պահանջատիրության` մեր ազգային բռնագրաված իրավունքների ճանաչման հաջորդ բնական հանգրվան: Անհրաժեշտ է առաջին հերթին հատուցման հարցում ձեւավորել միասնական պատկերացում:
Սփյուռքը շարունակում է փնտրտուքը` նոր, նորացված իմաստ, էություն գտնելու նպատակով: Առկա է Սփյուռքի նորովի կազմակերպման խնդիր: Սփյուռքը Հայաստանի շարունակություն է, այն իր նոր իմաստն ու էությունը պետք է գտնի Հայաստանի պետականության շուրջ ու համահայկական խնդիրներում: Սա է այն պորտալարը, որ Սփյուռքի առանձին մասերը կկապի միմիանց ու բոլորին կկապի հայությանը:
Արտաքին շատ ուժեր ճգնում են պառակտել հայությունը: Հայաստանը` Սփյուռքի, Սփյուռքը Հայաստանի դեմ լարելու ջանք կա: Միշտ չէ, որ այս առումով հայկական այլազան շրջանակների հակազդեցությունը առողջ է. Պատահում է հաճախ, որ հայկական ուժերը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որդեգրում են այդպիսի պառկտումի ճամփա բացող գործելակերպ: Օրինակ` մեր օրերում բազմապատկվել է արեւմտահայության շահերի պաշտպան կառույցների թիվը: Մենք մեկ ազգ ենք, ունենք մեկ պայքար եւ պետք է գործենք մի ճակատով:
Սիրելի ներկաներ,
Այս տարի Հայաստանի նորանկախ Հանրապետության 20- ամյակն է: Փաստն արդեն ամեն ինչ ասում է: Հայկական պետականության ինը դարյա անկումից հետո, մենք այսօր տոնում ենք մեր անկախ պետականության, հաղթանակած պետականության 20- ամյակը: Մենք այս իրականությունն է, որ պետք է նկատի ունենանք. մյուս բոլոր դժվարություններն անցողիկ են ու ժամանակավոր, հիմնականը պետականության գոյությունն է: Թերությունների, արատների, խոչընդոտների դեմ պետք է պայքարենք դրականորեն տրամադրված: Մենք անցած ինը դարերում երբեք այսքան ամուր կանգնած չենք եղել, երբեք հայ մարդը լավատեսությամբ դեպի ապագա նայելու այսքան հիմքեր չի ունեցել: Մենք ունենք անկախ պետականություն եւ ժողովուրդ` իբրեւ հիմնական կռվան ամբողջական Հայաստանի եւ մեր ժողովրդի նպատակների իրականացման: Փայփայենք, սրբենք, ուժ տանք, որ այդ ապագան տեսանելի դառնա, որ այդ ապագան չխամրի ձախող կառավարությունների եւ ապազգային մտածողության պատճառով:
Դաշնակցությունը հզոր Հայաստանի, իր երկիրը սիրող, բարեկեցիկ, ազատ ապրող հայ մարդու կուսակցություն է: Դաշնակցությունը ապագայի կուսակցություն է: