Երկխոսություն, բայց ոչ դավադիր երկխոսություն
Posted on June 1, 2011, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին
– Հայ Ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով իշխանության եւ ընդդիմության միջեւ հնարավոր երկխոսության գործընթացին նշեց, որ կան ուժեր, այդ թվում նաեւ մատնանշեց Դաշնակցությանը, որը բավական խիստ անհանգստացած է այդ հեռանկարից, եւ ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի գործընթացը: Ձեր կարծիքով ` իսկապե՞ս անհանգստացած է Դաշնակցությունը, իսկ եթե ոչ` ապա ի՞նչն է Լեւոն Տեր-Պետրոսյանին նման մտահոգության տեղիք տվել:
– Հենց ձեր ռադիոալիքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ, եթե հիշում եք, ես ողջունել եմ երկխոսությունը եւ այդ երկխոսությունից բնավ, ինչպես ինքն է ասում, մենք մտահոգ եւ նյարդայնացած չենք:
ՀՅԴ մեկ-երկու պատասխանատու անձինք երկխոսության առիթով, այո, հայտնել են մտահոգություններ: Դա է, որ հունից հանել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մենք երկխոսության փաստը, խնդրո առարկա չենք դարձրել: Ընդհակառակը, անցած երեք տարում, մենք Լեւոն Տեր-Պետրոսյանից տարբերվել ենք նրանով, որ ասել ենք` երկրում քաղաքական անկայունությունը վտանգավոր է, չպետք է առաջ գնալ ցնցումներով, առճակատումով: Երկրում փոփոխություններն այնպես պետք է կատարել, որ արտաքին ճակատում կորուստներ չունենանք: Ղարաբաղի հարցը առկա է, արտաքին ճնշումներն առկա են, եւ մենք ներսում չպետք է անենք մի բան, որից թշնամին օգտվի: Այսօր Լեւոն Տեր- Պետրոսյանը չի ասում, որ մենք ճիշտ ենք մտածել: Ինքը մեր նույն հիմնավորումներով ասում է, որ երկխոսելու ժամանակն է եւ ոչ թե ցնցումների: Բայց չունի այնքան անկեղծություն, որ նաեւ ասի` ժողովուրդ, ես անդրադարձա, որ Դաշնակցությունը ճիշտ էր եւ ես որդեգրում եմ Դաշնակցության գործելաոճը: Փոխարենը փորձում է ասել, որ այսօրվա ոճը իրենն է, որն, իբր, Դաշնակցության համար մտահոգիչ է: Անշուշտ մտահոգություններ մենք ունենք: Օրինակ` ՀԱԿ-ը երբեք չպետք է ունենա այն հավակնությունը, որ ժողովրդի անունով երկխոսի իշխանության հետ: Իրենք, բացառապես, իբրեւ ՀԱԿ են երկխոսում իշխանության հետ: Եվ ողջ ժողովրդի անունով ու ժողովրդի համար չեն կարող հարցեր որոշել: Մասնավորապես չեն կարող առանձնաբար հարցեր որոշել: Նման լիազորություն ժողովուրդը ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին է տվել, ոչ էլ Սերժ Սարգսյանին: Հավանաբար կա նաեւ միտում, որ մեկը գրավի իշխանության դաշտը, մյուսը` ընդդիմության, եւ ամբողջ քաղաքական դաշտը ղեկավարելի դարձնեն միասին: Մենք միայն կողջունեինք, եթե իրենք միանային: Այդ ժամանակ շատ ավելի հստակ կլիներ ամեն ինչ, եւ մեզ համար էլ տակտիկական ճկունությունների շատ ավելի մեծ հնարավորություն կստեղծվեր: Այնպես որ այս երկխոսությունից անհանգստանալու կամ այդ գործընթացը վարկաբեկելու հատուկ հարց եւ կամ խնդիր մենք չունենք:
Չգիտեմ էլ ինչպես անդրադառնալ նրա այն հայտարարությանը, թե իբր Դաշնակցությունը Ղարաբաղի հարցով երբեք մտահոգ չի եղել: Չգիտեմ, որովհետեւ մենք այն կազմակերպությունն ենք, գուցե այդ առումով բացառիկ, որ իբրեւ կուսակցություն Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 300-ից ավելի զոհ ենք տվել: Խոսքս Հայաստանի քաղաքացի դաշնակցականների մասին է: Դեռ չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի դաշնակցականների մասին: Եվ դա արել ենք առանց իշխանությունների հետ խնդիրներ ստեղծելու: Արել ենք, երբ Ղարաբաղում Գերագույն խորհրդի առաջին նախագահը դաշնակցական էր: Եվ հիմա ասել, որ Դաշնակցությունը մտահոգ չի՞ եղել Ղարաբաղի հարցով: Հավանաբար Լեւոն Տեր -Պետրոսյանն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, թե որքան սուտը մեծ լինի, հավատալու հավանականությունն էլ այնքան մեծ կլինի: Ղարաբաղյան պայքարի ժամանակ, մենք ունեցել ենք խորքային համագործակցություն Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ, այսինքն` Լեւոն Տեր- Պետրոսյանի իշխանության հետ: Եվ ասել, որ մենք Ղարաբաղի պայքարով մտահոգ չէի՞նք: Երբ Ղարաբաղում տակավին պատերազմ էր, մենք, պարզվում է Հայաստանում ցույց էինք անում` չնկատելով պատերազմը: Այստեղ եւս նա խաբում է ժողովրդին, որովհետեւ այդ օրերին մեր միտինգները հիմնականում ունեին մեկ նպատակ` ստիպել իշխանություններին տեր կանգնել ղարաբաղյան պատերազմին եւ նրա մասնակիցը դառնալ: Մենք պարտավորեցնում էինք, փորձում էինք ճնշել, որ Հայաստանի իշխանությունները թիկունք կանգնեն ղարաբաղյան պայքարին: Երբ իրենք խոսում էին, որ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների հարցն է, երբ խոսում էին, որ Հայաստանի պաշտպանությունը իր անպաշտպանվածության մեջ է` մենք հակառակը` կոչ էինք անում` մտածեք ազգային բանակի մասին: Կոչ էինք անում ոտքի կանգնեցնել Գետաշենը:
Ինչպես նախագահ եղած ժամանակ Լեւոն Տեր- Պետրոսյանը իրենից բացի ոչ մեկին չէր տեսնում, այսօր էլ նույնն է մնացել: Այս տարիների ընթացքում այդ մարդու մեջ ոչինչ չի փոխվել: Ինքն իրենից դուրս միայն հակառակորդ է տեսնում, ինքն իրենից դուրս տեսնում է միայն թշնամի:
– Իսկ երբ ասում եք, որ Դաշնակցությունը մտահոգություններ այնուամենայնիվ ունի, ի՞նչ նկատի ունեք: Ո՞րն է այդ մտահոգությունների պատճառը` երկխոսությո՞ւնը:
-Ոչ բուն երկխոսությունը: Մեր մտահոգությունները կապված են երկխոսության կողմնակի նպատակների հետ: Չլինի որ փորձեն սեփականացնել ողջ քաղաքական դաշտը, որպեսզի ժողովրդին խաբելով հանդերձ` խաղից դուրս թողնեն մյուս բոլոր ուժերին, որ այդ երկխոսության անվան տակ ժողովրդի անունով որոշումներ կայացնեն: Վերջիվերջո, առնվազն սոցիալ-տնտեսական հարցերում, այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունը շատ են նման իրար: Նույն կերպ են մտածում, նույն կերպ վարվում: Արդեն երեկ միասին էին: Նույն տնտեսական քաղաքականությունն են հետապնդում: Գոնե այս ոլորտում նրանք միանալու մեծ տվյալներ ունեն: Եվ ես կոչ եմ անում նրանց` միանալ, որպեսզի ժողովուրդը վերջապես հասկանա, թե իր պայքարն ում դեմ է: Մեր պայքարը թե’ Սերժ Սարգսյանի դեմ է եւ թե’ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Մեզ համար ցանկալի է, որ նրանք միանան, որպեսզի թե’ ժողովրդի պայքարը եւ թե’ ժողովրդի շրջանում մեր աշխատանքները ավելի հստակ ու որոշիչ լինեն:
-Միանան ու միասնական գնան ընտրությունների՞:
-Ինչ ուզում են, թող անեն, ավելի լավ է միանան, որպեսզի ժողովրդի պահանջն ավելի հստակ ու որոշիչ լինի:
-Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն պատրաստվում է երեքից-հինգ հոգանոց պատվիրակություն կազմել եւ կոչ արեց նույնը անել իշխանություն ներին, նշելով, որ իրենց օրակարգը հստակ է` արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Դեռեւս պարզ չէ, արդյոք Սերժ Սարգսյանը համաձայնվելու է այդ օրակարգով երկխոսել ընդդիմության հետ, բայց ամեն դեպքում այսօր Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ իր կարծիքով նախագահը կգնա երկխոսության` ողջամիտ պահանջների քննարկման պայմանով միայն: Ձեր կարծիքով, ի՞նչ դուրս կգա այդ երկխոսությունից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ պահանջ է դրել արտակարգ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների:
-Մտածել, որ մի իշխանության հետ հնարավոր է երկխոսել եւ նա իր կամքով իշխանությունը թողնի, մի քիչ միամտություն է: Չեմ կարծում, թե այդքան միամիտ է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այստեղ այլ խաղ է ընթանում, մանավանդ, որ ընտրությունները յոթ սարի հետեւում չեն: Մի անգամ արդեն ասել եմ, առաջաձգված ընտրությունները միայն իշխանությունների օգտին կլինեն եւ ոչ մի այլ քաղաքական ուժի, որովհետեւ այդ ընտրություններին պետք է պատրաստվել, պատրաստվել բոլոր առումներով` նյութական, կազմակերպական, քարոզչական: Պետք է նաեւ մթնոլորտ ձեւավորվի ընտրությունների համար: Ես վստահ ասում եմ` եթե այնպես ստացվի, որ այդ երկխոսության արդյունքը լինի առաջաձգված ընտրությունները, կհամարեմ, որ այդ երկխոսությունը իսկապես դավադրություն էր` ուղղված ժողովրդի դեմ: Նկատի ունեցեք, որ մայիսին մենք ունենք խորհրդարանական ընտրություններ իսկ հաջորդ տարվա փետրվարին` այսինքն դրանից ութ ամիս հետո, նախագահական ընտրություններ: Երբ առաջաձգում ենք խորհրդարանական ընտրությունները փաստորեն ավելի մեծ տարածություն է մնում մինչեւ նախագական ընտրություններ, ինչը ձեռնտու է միայն իշխանություններին: Առաջաձգված ընտրություններ` նշանակում է ժողովրդի դեմ ուղղված դավադրություն:
-Կգնա՞ Սերժ Սարգսյանը արտահերթ ընտրությունների: Ուզում եմ նկատել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ազգային կոնգրեսը առաջինը մատնանշում են նախագահական ընտրությունները:
-Սերժ Սարգսյանը արտահերթ նախագահական ընտրությունների չի գնա: Կարծում եմ, որ չի գնա: Բայց արտահերթ խորհրդարնական ընտրությունների` վախենում եմ, որ կգնա: Իմ մտավախությունը դրա մեջ է: Կանխատեսումներ անել քաղաքական կյանքում` ճիշտ բան չէ, չեմ էլ ուզում անել: Ինձ համար հարցը սկզբունքային է: Երկխոսության կողմ եմ, բայց ոչ դավադիր երկխոսության: Երկխոսությունը պետք է լինի այն սահմանների մեջ, որի իրավունքն ունեն կողմերը` ոչ ավելին:
-Ես ճի՞շտ հասկացա, Դաշնակցությունը դե՞մ է արտահերթ խորհրդարնական ընտրություններին:
-Մենք որեւէ ընտրության դեմ չենք, եթե ընտրություն է, բայց նպատկահարմար չենք գտնում ընտրության անպատեհ առաջաձագումը:
-Այսինքն ի՞նչ պետք է լինի:
– Ուժերի պատրաստվածության հարց կա: Օրինակ, հանկարծ որոշվի, որ երկու ամսից ընտրություններ են լինելու: Դա կնշանակի հանկարծկիի բերել ողջ քաղաքական դաշտը եւ այն ուժերը, որ ավելի մեծ հնարավորություն ունեն անակնկալ ընտրություններ անցկցնելու, իսկ այս պարգայում դրանք իշխանական ուժերն են, մյուսների համեմատությամբ կհայտնվեն առավել շահեկան դիրքերում:
-Շնորհակալություն: