RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Երկխոսությանը դեմ չեն

Posted on June 2, 2011, by , under Արձագանք.

 

«ԵՐԿԻՐ».- ՀԱԿ վերջին հանրահավաքի ընթացքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իրենք պատրաստ են անգամ պատվիրակություն կազմել եւ բանակցել իշխանության հետ` օրակարգում ունենալով արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման հարցը:

Պարզվում է` ՀՀ իշխանություններն էլ դեմ չեն այս ձեւաչափով բանակցություններ անցկացնելուն: Կոալիցիոն երեք ուժերի ներկայացուցիչները միաբերան պնդում են` իրենք կողմ են երկխոսությանը, բայց կտրականապես դեմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողների հետ զրույցում ողջունելի համարեց առաջին նախագահի հայտարարությունը: «Իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը կգնա այդ քայլին, եւ կկազմակերպեն այդ երկխոսությունը, որը, իհարկե, համոզված եմ, բխելու է Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի շահերից»:

ԱԺ նախագահի թիմակից, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նույն կարծիքին է: Նա կողմ է երկխոսությանը` քաղաքակիրթ ճանապարհով` առանց հայհոյանքների եւ թշնամանք սերմանելու: Սակայն քաղաքական իշխանության ղեկավարը երկրի նախագահն է, եւ նա կորոշի ինչպես վարվել այս դեպքում»,- ասաց նա` կրկին անգամ բացառելով արտահերթ ընտրությունների անցկացումը` «դրա համար ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական նախադրյալներ չկան»,- պնդեց նա:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ արտահերթ ընտրությունները բացառում է` պատճառաբանելով, որ դրանք առանց այն էլ սարերի հետեւում չեն: «Սովորաբար նախընտրական գործընթացներն սկսվում են ընտրությունից առնվազն 5-6 ամիս առաջ, իսկ ընտրությանն ընդամենը մեկ տարուց էլ քիչ է մնացել»,-հիշեցրեց նա` ավելացնելով, որ սեպտեմբերից առանց այն էլ, նախընտրական գործընթացներն սկսվելու են:

Ի դեպ, ուշագրավ մի փաստ եւս, կոալիցիոն երեք ուժերի ներկայացուցիչներն էլ, մեզ հետ ունեցած զրույցներում միաբերան կրկնեցին նույն տեքստը` Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հիմքեր չկան, իսկ ՀԱԿ-ի հետ բանակցությունների ֆորմատը պետք է որոշի երկրի նախագահը:

Հովհաննես Մարգարյանի համոզմամբ` նախագահը պետք է որոշի բանակցությունների օրակարգն ու նաեւ այն, թե ովքեր կմասնակցեն դրանց:

Սակայն հարց է առաջանում. եթե իշխանությունները բացառում են արտահերթ ընտրությունների անցկացումը, ապա ինչի՞ շուրջ պետք է ընթանան բանակցությունները:

Պատասխանը, պարզվում է, գիտի ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Որպես օրինակ, նա նշում է քաղաքական մթնոլորտի թեթեւացումը: ԲՀԿ մամուլի խոսնակը հիշեցնում է` իրենք դեռեւս 2008-ից կողմ են եղել ցանկացած բանակցության:

ՀՅԴ-ն նույնպես դեմ չէ երկխոսությանը, ավելին` բազմիցս դրա անհրաժեշտության մասին արտահայտել է իր կարծիքը: Երկխոսությունն է միակ ճանապարհը Ղարաբաղի հարցով ճնշումների տակ գտնվող Հայաստանը ցնցումներից զերծ պահելու եւ արտաքին միջամտության հնարավորությունները սահմանափակելու համար: Եվ այժմ Տեր-Պետրոսյանը գնալով իշխանության հետ երկխոսության` իրականում անում է այն, ինչ Դաշնակցությունն էր հորդորում անել դեռ երեք տարի առաջ, սակայն անկեղծություն չունի ասելու, որ այն ժամանակ ինքը սխալվել է ու այժմ ՀԱԿ-ը հակառակն է անում եւ մեղադրում Դաշնակցությանը երկխոսություն չցանկանալու մեջ: Միեւնույն ժամանակ, երկխոսության շուրջ ՀՅԴ-ն ունի մտահոգություն. որ ՀԱԿ-ը չհայտարարի, թե ժողովրդի անունից է երկխոսում իշխանության հետ: «Նման լիազորություն ժողովուրդը ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին է տվել, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Վերջինս վստահ է` ՀԱԿ-ն ու իշխանությունն ընդհանուր եզրեր շատ ունեն եւ կարող են ոչ միայն երկխոսել, այլեւ միանալ: «Այսօրվա իշխանությունը եւ ընդդիմությունը շատ են նման իրար` առնվազն սոցիալ-տնտեսական հարցերում, նույն կերպ են մտածում, նույն կերպ են վարվում, նույն տնտեսական քաղաքականությունն են հետապնդում: Նրանք շատ տվյալներ ունեն միանալու, ես կոչ կանեի միանան, որ ժողովուրդը հասկանար իր պայքարը ում դեմ է»,- ասաց նա` հիշեցնելով, որ ՀՅԴ-ի պայքարը թե՛ Սերժ Սարգսյանի եւ թե՛ Լեւոն Տեր Պետրոսյանի դեմ է:

Հրանտ Մարգարյանի համոզմամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան միամիտ չէ, որ հավատա, թե իշխանության հետ կարելի է երկխոսել իշխանափոխության մասին: «Այստեղ այլ խաղ է տեղի ունենում, մանավանդ որ ընտրությունը յոթը սարի ետեւում չէ»,- ասաց նա` հիշեցնելով, որ արտահերթ ընտրություններն այս պահին միայն իշխանությանն են ձեռնտու, քանի որ միայն ինքն է թե՛ ֆինանսապես, թե՛ այլ առումներով պատրաստ արտահերթ ընտրություններին: Նշանակում է՝ հանկարծակիի բերել քաղաքական դաշտը, եւ այն ուժերը, որ ունեն հնարավորություն ցանկացած պահի ընտրություն անելու, նրանց օգտին իրավիճակ ստեղծել: Եվ այս առումով, եթե երկխոսության արդյունքը լինի արտահերթ ընտրությունները, ուրեմն այդ երկխոսությունը ժողովրդի դեմ դավադրություն է:

Հրանտ Մարգարյանը համարում է, որ արտահերթ նախագահական ընտրությունների Սերժ Սարգսյանը չի գնա, խորհրդարանականի` գուցե, ինչը եւս մտահոգիչ է: «Երկխոսությանը կողմ եմ, դավադիր երկխոսությանը` ոչ, »- նշեց նա` հավելելով, որ կողմնակից է երկխոսությամբ խնդիրներ լուծելուն ու ժողովրդի կյանքը բարեփոխելուն:

Հրանտ Մարգարյանը հիշեց Հայ-թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ ձեւավորած շարժումը, որը, ըստ նրա, լինելով արձանագրությունների դեմ ամենահզոր շարժումը, այնուամենայնիվ, երբեք չհրաժարվեց իշխանության հետ երկխոսելով` նրան ճիշտ ուղի մղելուց:

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ

Leave a Comment