- Hrant Margaryan's blog-Հրանտ Մարգարյանի բլոգը - https://hrantmargaryan.net -

Իշխանությունը ցանկանում է, որ ընդդիմությունը խոցելի լինի

Հրանտ Մարգարյան [1]

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քարոզչության ընթացքում հանդիպումներ է ունեցել հայրենիքում հաստատաված սիրիահայերի ու իրանահայերի հետ:

Նոյեմբերի 30-ի ուշ երեկոյան իրանահայերի հետ հանդիպման ընթացքում Հրանտ Մարգարյանը վերլուծել է ավագանու ընտրություններից սկսած քարոզարշավների ընթացքում տեղի ունեցած իրադարաձություններն ու հայտնել, որոշ մտահոգություններ:

Ստորեւ ներկայացնում ենք Հրանտ Մարգարյանի ելույթի սղագրությունը:

«Օր օրի տեսանք, որ արհեստականորեն սրվում է վիճակը, և արհեստական փորձ է արվում ՝ բևեռներ ձևավորել: Իշխանությունը, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը, չի կարողանում բավարարվել իր մեծ հաղթանակով և արդեն ուզում է որոշել, թե ով պետք է լինի իր ընդդիմությունը: Եվ, սրելով իրավիճակը, սև ու սպիտակի, սպիտակ ու սևի, անցյալի ու ներկայի կտրվածքների մեջ փորձում է ձևավորել իր ընդդիմությունը: Եվ, բնական է, մտածում է, որ այդ ընդդիմությունը պետք է խոցելի ընդդիմություն լինի, այդ ընդդիմությունը պետք է ժողովրդի համակրանքը մեծ հաշվով չվայելի, այդ ընդդիմությունը պետք է անցյալի սխալների բեռը կրի: Սա պետք է իրեն, որպեսզի ստվերում թողնի խելացի, մտածող, ծրագիր ունեցող, լուրջ, առողջ քաղաքական ուժերին:

Անցյալի էջը փակված է: Անցյալն այլևս հնարավորություն չունի վերադարձի: Մեր ժողովուրդն իր շարժումով այնպիսի ալիք բարձրացրեց, որը սրբեց, մաքրեց մեզ անցյալի սխալներից, անցյալի տհաճ, տգեղ երևույթներից: Բայց անընդհատ վախենալ, որ անցյալը ձգտում է վերադառնալ, որ այն ձգտում է ռևանշի՝ իմ կարծիքով արհեստական մտահոգություն է՝ այլ նպատակներ հետապնդող: Անցյալը անընդհատ հիշատակելով, անցյալի սխալները անընդհատ հիշելով՝ փորձ է արվում առիթը օգտագործել՝ մեր իրականության որոշ արժեքներ, ոմանք գուցե ասեն՝ կարծրատիպեր, ջարդելու համար: Այդպես է թվում ինձ: Գուցե սխալվում եմ: Աստված տա՝ ես սխալվեմ, բայց այդպես է թվում: Ասում են բանակի մեջ թալան կա, բայց այնպես են ասում, որ չի հստակեցվում, թե ովքեր են թալան անողները, քանի՞ հոգի են, քանի՞ ընկերություն է, դա ի՞նչ մաֆիա է: փորձ է արվում Բանակը ցույց տալ իբրև հիվանդ մարմին մեր պետականության մեջ, փորձ է արվում ցույց տալ, որ բանակի մեջ թալանչիներ կան միայն: Սպայական կազմի ազնիվ, պարկեշտ, հայրենասեր մարդկանց մասին խոսք չկա այսօր: Խոսք կա միայն թալանչիների մասին: Եվ ոչ թե թալանչին է միայն, որ մեղադրվում է, այլ Բանակն է վարկաբեկվում:

Նիկոլ Փաշինյանի կողքին մեկը կանգնած, չգիտեմ ինչո՞ւ, չգիտեմ ո՞ր անհրաժեշտությունից բխած, ո՞ր անհրաժեշտությունից մեկնած, փորձ է անում ապրիլյան ժողովրդական շարժումը համեմատել Արցախի ազատամարտի հետ: Իմ կարծիքով՝ ապրիլյան ժողովրդական շարժումը հոյակապ էր: Բայց ի՞նչ պետք կա համամետալ: Ամեն բան արժեք է ինքն իր մեջ, ինքն իր ժամանակի համար, ինքն իր իմաստով: Երբ համեմատություն ես կատարում՝ դու այլ նպատակ ես հետապնդում: Սխալը՝ սխալ էր, գուցե բերանից թռել էր այդ սխալը: բայց դա Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ էր ասվել, և Նիկոլ Փաշինյանը չէր փորձել սրբագրել: Եվ եղան անհատներ, նրանց մեջ նաև մեզնից ոմանք, որ արտահայտվեցին այդ մասին, նշելով որ դա ճիշտ չէ, այդ համեմատությունը սխալ է: Ոմանք նույնիսկ վիրավորվեցին: Հաջորդ օրը Նիկոլն էլ ասաց, որ սխալ է արել: Բայց դրանից հետո էլ ինքն է ասում՝ ով այդպես է խոսում, ով Արցախի ազատամարտի մտահոգությամբ է խոսում՝ նա էլ է թալանչի, նրան էլ պետք է ասֆալտին ծեփել, պատեպատ խփել, չեմ իմանում, վզից բռնել, դուրս գցել… Էլի չհասկացանք, չհասկացանք՝ մենք այս ժողովրդական շարժումով ուզեցել ենք ժողովրդավարությո՞ւն կերտել, թե՞ հակառակը՝ հակաժողովրդավարական ռեժիմ:

Ազգովի հպարտացանք, որ մեր վարչապետի տղան, Երևանի ինչ-որ օֆիսում ծառայելու փոխարեն, գնացել է Ղարաբաղ, այնտեղ է փորձում ծառայել: բայց դա արդեն դառնում է տժվժիկի պատմությունը, արդեն քանի անգամ է նա խոսել իր տղայի՝ Արցախում ծառայելու մասին: Վերջին անգամ նա կրկին համեմատություն է կատարում՝ իմ տղան Ղարաբաղում է ծառայում, իսկ Ղարաբաղի իշխանություններից ոչ մեկի տղան Ղարաբաղում չի ծառայել: Ինչը որ սուտ է: Գիտեմ, գիտեմ որ եղել են իշխանության բարձր մակարդակի վրա գտնվող անձինք, որոնք ամեն ճիգով փորձել են իրենց երեխաներին հեռու պահել բանակում ծառայելուց, բայց նաև եղել են մարդիկ, գուցե մի փոքրամասնություն, չգիտեմ, որ ինչպես Փաշինյանն է իր երեխային ուղարկել ծառայելու, իրենք էլ իրենց երեխաներին ուղարկել են, և նրանք ծառայել են: Ինչո՞ւ ես դու դա համեմատում՝ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների երեխաները ծառայե՞լ են, թե չեն ծառայել: Բանից պարզվեց որ ծառայել են: Սա լավ տեղ չի տանում մեզ: Այդ երևույթը, առանց զսպման մեխանիզմի, չգիտեմ՝ գիտակցված, թե՞ ոչ, արդեն վերածվեց հակաղարաբաղյան երևույթի: Ես կարծում եմ, որ հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ կարելի է հեռախոսային զրույցով այդ թյուրիմացությունները վերացնել: Մենք մեր ժողովրդից պետք է խնայենք Ղարաբաղի հարցով տեսակետների բևեռացումը: Դա մեզ լավ տեղ չի տանում: Դա ոչ մեզ է պետք, ոչ Ղարաբաղին և ոչ էլ որևէ մեկին: Մտահոգությունները մեծ են, վտանգը մեծ է:

Նիկոլ Փաշինյանը մի այնպիսի ալիքի վրա է իշխանության եկել, որ իրեն թվում է, թե ինչ ուզենա, կարող է անել: Դա գուցե իրողություն է: Բայց դա պետք է անել ազգայինի ուղղությամբ, արդարության ուղղությամբ, ժողովրդավարության ուղղությամբ, ապա թե ոչ՝ ինքը շատ արագ կմսխի այդ կապիտալը: Մենք շատ խուճուճ ճանապարհ ենք անցել, բայց այդ ամենով հանդերձ՝ մենք ի վիճակի ենք բաց ճակատով կանգնել և ասել՝ մենք անփոխարինելի ուժ ենք Հայաստանում, հայկական իրականության մեջ: Մենք ունենք 2 հիմնական օրակարգ, որով զանազանվում ենք բոլորից և հենց այդ պատճառով պետք է ներկայություն ունենանք բոլորի կողքին: դա ազգային մեր էությունն է և սոցիալական արդարության մեր հասկացողությունը: Շատ ու շատ բառերի տակ թաքնված վտանգներ կան: Խոսում են Արցախի մասին՝ այո, Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, Արցախի սահմանները պետք է որոշի մեր ժողովուրդը… Այն քաղաքական ուժը, որ այսօրվանից չի ասում՝ ո՞ր սահմաններով Արցախի մասին է խոսում, այն քաղաքական ուժը, որ այսօր չի ասում, թե ո՞ր Արցախն է ինքը դնում ժողովրդի դատին, և ո՞ր Արցախի համար պետք է վաղը գնա բանակցելու, հաստատ ինչ որ բան կեղծում է, ինչ-որ բանի հետևում թաքնվում է, թող դրա անունը լինի ժողովուրդ ասվածը:

Ինչպե՞ս կարող է քաղաքական ուժը տեսակետ չունենալ: Մի՞թե կարող է քաղաքական ուժը տեսակետ չունենալ: Հնարավոր է՝ քաղաքական ուժի տեսակետը ժողովուրդը չհաստատի, դա կարող եմ հասկանալ: Մի իմաստուն ասել է՝ խաղաղության ժամանակ պատերազմի քարոզչությունն է ոճրագործություն և հանցանք, իսկ պատերազմի ժամանակ խաղաղության քարոզչությունը: Մենք կռվի մեջ ենք և պետք է կռվենք: Երբ դեռ չկա այն հավանականությունը, որ տեսնենք խաղաղության ափը, մենք պարտավոր ենք է մեր ժողովրդին պահել կազմակերպված և մարտունակ: Պարտավոր ենք դա անել: Կազմակերպված հասարակություն ունենանք, հայկականություն ունենանք, որ ինչպես ապրիլին, երբ Ադրբեջանը հարձակվեց, բոլորը մեկ մարդու ուղարկվեն դեպի սահման: Մենք այդպիսի հասարակության պետք ունենք:

Արդարությունն էլ մեզ համար է: Դա հենց այնպես ասվող խոսք չէ: Մենք արդարության ջատագով կուսակցություն ենք և ասում ենք՝ որպեսզի արդար հասարակություն ունենանք, սոցիալական արդարություն է պետք: Եվ, որպեսզի սոցիալական արդարություն ունենանք, պետությունը պետք է միջամտի տնտեսության զարգացմանը: Չի կարող պետությունը դիտորդ լինել, չի կարելի ամեն ինչ վստահել շուկային: Մեր ազգային էությունից է բխում մեր սոցիալիստական բնույթը: Մենք ասում ենք՝ մեր այս պայքարի մեջ մեր ժողովուրդը պետք է համախմբված լինի մեր շուրջ: Եվ, որպեսզի ժողովուրդը համախմբված լինի մեր շուրջ, նա պետք է ապրի արդարության պայմանների մեջ: մեր ժողովուրդը պետք է արժանապատիվ ժողովուրդ լինի, որ կարողանա պայքարել, հպարտ ժողովուրդ լինի, որ կարողանա պայքարել, ինքնաբավ ժողովուրդ պետք է լինի, ձեռքը հասնի բերանին, որ կարողանա պայքարել, սոված չպետք է լինի: Մենք ասում ենք ամեն մի զորացրված երիտասարդ պետք է զգա պետության գուրգուրանքը, ունենա բնակարան, ունենա աշխատանք, որ մնա այս երկրում, ընտանիք կազմի, որ չմտածի արտագաղթելու մասին, որ չարտագաղթի:

Արտագաղթի դեմն այդպես կարելի է առնել: Տարին 20 հազար երիտասարդ է ավարտում իր զինվորական ծառայությունը: Մենք ազգովի պարտավոր ենք այդ 20 հազարին աշխատանքով ապահովել, բնակարանով ապահովել, որպեսզի նա կապվի այս հողին, կպնի այս հողին, չարտագաղթի»: